Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը օրակարգային հարց է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) վերլուծական կենտրոնի գիտաշխատող, դիվանագետ, պատմաբան և քաղաքագետ Վիկտոր Միզինը: Նա նշեց, որ եթե գործող Մինսկի խմբի ձևաչափը չի աշխատում, գուցե պետք է փնտրել նոր ֆորմատ: Քաղաքագետը նշեց, որ Վիեննայում տեղի ունեցած երկու նախագահների հանդիպումն արդեն իսկ դրական է և կարող է դառնալ բանակցությունների սկիզբ:

- Օրերս Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հարցը: Ինչո՞ւ: ԼՂ հակամարտությունը սպառնալի՞ք է ՌԴ անվտանգությանը:

- Ռուսաստանի անվտանգությանը վտանգ չի սպառնում: Պարզապես ՌԴ-ն ներգրավված է տարածաշրջանում սառեցված բոլոր հակամարտություններում: Չգիտեմ՝ պատմականորեն այդպես է ստացվել: Լեռնային Ղարաբաղի հետ կապված էլ, Ռուսաստանը ժամանակին ուղղակիորեն կամավորներ է ուղարկել, իսկ հիմա հայտնվել է բավական բարդ դրության մեջ: Մի կողմից Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ, Հայաստանում տեղակայված են ռուսական բազաներ, մյուս կողմից Ադրբեջանը ևս Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է, թեև վերջին շրջանում Ադրբեջանը բացահայտ սիրախաղի մեջ է ԱՄՆ-ի հետ:

Տնտեսական համագործակցության առումով էլ Ռուսաստանը հակամարտող երկու պետությունների հետ հարաբերություններ ունի: Գաղտնիք չէ, որ ՌԴ-ն երկու պետություններին էլ զենք է մատակարարել, գուցե, երևի, ավելի շատ ծավալով վաճառել է եղբայրական Հայաստանին, բայց...

Այնպես որ, Ռուսաստանի համար հակամարտության կարգավորումն օրակարգային հարց է: Եթե գործող Մինսկի խմբի ձևաչափը չի աշխատում, գուցե նոր ֆորմատի կարիք կա:  Ինչ վերաբերում է հարցին, ապա նորից կրկնեմ՝ սա ռազմական սպառնալիք չէ Ռուսաստանի համար, բայց նյարդայնացնող երևույթ է, որն, ինչպես Պուտինն ասաց, պետք է ողջ ջանքերի գործադրմամբ չեզոքացնել:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում: Այն արդյունավե՞տ էր:

- Կարծում եմ, որ հանդիպման փաստը, որտեղ Ռուսաստանն, անկասկած, առանցքային դեր ունեցավ, արդեն իսկ կարևոր է: Ռուսաստանը եղել ու մնում է հակամարտությունը խաղաղ կարգավորելու երաշխավոր և ամեն ինչ կանի, որ սահմանային լարվածությունը նվազի, լայնամասշտաբ պատերազմը չվերսկսվի:

- Այսինքն՝ երկու նախագահների հանդիպման արդյունքը միայն հանդիպման փա՞ստն է և ոչ ավելի՞ն:

- Այո: Բայց մի մտածեք, որ սա դրական չէ, սա պոզիտիվ առաջխաղացում է: Մի քանի տարի առաջ ես ինքս քննադատել եմ ռուսական դիվանագիտությունը ոչ նախաձեռնողականության համար, բայց այս հարցի կամ օրինակ՝ Սիրայում բանակցություններ միջնորդելու և մի շարք այլ հարցերի հետ կապված մենք տեսնում ենք, որ ՌԴ դիվանագիտական աշխատանքը նախաձեռնողական նոր թափ է հավաքում, նոր բարձունքներ է գրավում:

- Նախագահների հանդիպման փաստը, որն ինչպես ասացիք՝ դրական է, կհանգեցնի՞ բանակցությունների վերսկսման՝ հաշվի առնելով նախապայմանները, որոնք ներկայացրել են կողմերը:

- Որևէ մեկը շահագրգռված չէ նրանով, որ հակամարտությունը վերսկսվի: Ռուսաստանի ու միջազգային մեր գործընկերների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի շահերից չի բխում պատերազմը, մեր հետաքրքրությունը խաղաղությունն է: Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

- Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար հակամարտության կողմերը Վիեննայի հանդիպման արդյունքում համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Այս պայմանավորվածությունը կիրականացվի՞, թե՞ կմնա թղթի վրա:

- Սա հեշտ լուծելի խնդիր չէ: Ցավոք, այս ամենը նմանվում է Ուկրաինայի արևելքում ծավալվող գործողություններին... Կարծում եմ՝ լուծելի խնդիր է: Այն, որ գործընթացը սկսված է, արդեն իսկ պոզիտիվ է: Կարևորը, որ հրադադարի ռեժիմը պահպանվի:

- Բայց հրադադարը չի պահպանվում, թեև Վիեննայում նման պարտավորություն ստանձնվել է: Այսօր էլ սահմանին լարված է: Ձեռք բերված պայմանավորվածության հենց օրը, երբ Սերժ Սարգսյանը Վիեննա-Երևան չվերթում էր, հայկական կողմը մեկ զոհ ուներ:

- Այո, այո, Դոնբասի նման է: Խոշոր գործողություններն են ավարտվել, բայց կրակողները շարունակվում են:


- Ի՞նչ պետք է անեն կողմերը հաջորդ՝ հունիսին կայանալիք հանդիպումից առաջ:

- Պետք է գտնել բանակցությունների նոր շրջանակներ, բայց շարունակել առկա բանակցությունները, որևէ կերպ չդադարեցնել դրանք, կողմերին պարտադրել՝ կատարել ստանձնած պարտավորությունները, հրաժարվել լարվածություն ստեղծելուց: Եթե օբյեկտիվ խոսենք, Ադրբեջանն ունի հարցը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորություն, բայց պետք է կանգնեցնել սա:

- Ռուսաստանը կկանգնի՞ Ադրբեջանի ճանապարհին, եթե վերջինս հակամարտությունը ռազմական ճանապարհով փորձի լուծել:

- Ռուսաստանն արդեն շատ բան է արել, այն ինչ ներկայումս կա, դա Ռուսաստանի ջանքերի շնորհքն է: Փխրուն խաղաղությունը պատերազմից լավ է: Թող բանակցություններ լինեն, թող ոչ այնքան արդյունավետ բանակցություններ լինեն, բայց պատերազմ չլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել