Մոլորակի գլոբալ տաքացումը կհանգեցնի կլիմայական փախստականների ի հայտ գալուն: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Եկատերինբուրգում «Քաղաքների կայուն զարգացում» առաջին միջազգային համաժողովի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի Պիեռ Սիմոն Լապլասի անվան ինստիտուտի տնօրեն, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժեն Ժուզելը:

«Գլոբալ տաքացման հիմնական հետևանքներից է կլիմայական փախստականների ի հայտ գալը: Երկրներում կառաջանան խնդիրներ՝ կապված ջրային ռեսուրսներով և սննդով ապահովման հետ: Այլ հետևանքներից կարելի է համարել օվկիանոսների թթվայնացումը, կլիմայի ծայրահեղությունը, պարենային անվտանգության խնդիրը»,- ասել է Ժուզելը:

Գիտնականի խոսքով՝ գլոբալ տաքացման տարածման մի քանի սցենար կա: «Առավել բացասական սցենարի դեպքում մենք մինչև դարավերջ կտեսնենք 4 աստիճան Ցելսիուսով տաքացում, իսկ հաջորդ դարի վերջին՝ 6-7 աստիճանով: Արդեն հիմա մենք տեսնում ենք, որ ջերմաստիճանը բարձրանում է ամբողջ մոլորակում: Արդեն կարելի է ասել, որ երկարաժամկետ հեռանկարում Գրենլանդիան ամբողջովին կհալչի, ինչի հետևանքով ծովի մակարդակը կբարձրանա 7 մետրով»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել