Վերջերս, եթե չեմ սխալվում հենց Ֆեյսբուքում հանդիպեցի մի գրառման, թե ի՞նչ կլիներ, եթե Դոստոեւսկին եւ Տոլստոյը միասին ստեղծագործեին: Գրված էր, որ այդ համատեղ ստեղծագործությունը կկոչվեր՝ Պատերազմը եւ ապուշը, դե փոխզիջումային տարբերակով՝ Պատերազմը՝ Տոլստոյի շահերից կբխեր, ապուշը՝ Դոստոեւսկու: Բայց, քանի որ ոչ Դոստոեւսկին, ոչ Տոլստոյը մերը չեն, իսկ մերը չեն, քանի որ Տոլստոյ ունենալու համար, պետք է հաղթել Նապոլեոնին եւ, որովհետեւ երբ թշնամից Նապոլեոնին մակարդակով զիջում է նրան հաղթելը գրեթե միշտ բերում է սպանված աղավնիների մասին մելամաղձության, մեզնից խոսենք:
Մեզնից՝ այսինքն հասարակությունից կամ մարդկանցից/Տոսլտոյն էլ, Դոստոեւսկին էլ հասարակությունից դուրս էին, իսկ նմանները կամ Աստված են, կամ հրեշ/: Երբեւէ մտածե՞լ եք, թե որքան կարող է ապուշ լինել մարդը, ասենք ի՞նչ մակարդակի, քանի՞ տոկոսով: Ենթադրենք մարդն այսօր ապուշ է իր գիտակցության 49 տոկոսով, կարո՞ղ է արդյոք վաղը ապուշ դառնալ իր գիտակցության 51 տոկոսով, այսինքն ապուշանալ: Ես չգիտեմ կարող է, թե ոչ, բայց գիտեմ, որ մարդը կարող է ապուշ լինել այնքան, որքան կարող է, ավել չի կարող: Օրինակ Մինսկի խմբի համանախագահները ապուշություն են խոսում: Օրինակ, երբ նրանք պնդում են, թե բա եկեք խաղաղություն հաստատեք, հաշտ համերաշխ առաջվա պես ապրեք, ապուշություն են ասում, քանի որ չգիտեն, որ խաղաղությունը հաստատելով չէ, մանավանդ, երբ պնդում են, թե առաջվա պես հաշտ համերաշք ապրեք, նշանակում է չգիտեն, թե առաջ մենք ինչպես ենք ապրել, օրինակ ի՞նչ ենք հորդորել մեր երեխաներին, որոնք Կիրովաբադի շրջանում դպրոց էին գնում, որտեղ դասարանցիների մեծ մասը ադրբեջանցիներ էին: Եթե չգիտեն ու ասում են, ուրեմն միամիտ ապուշ են, եթե գիտեն ու ասում են, ուրեմն քոքված ապուշ են: Վերջինս ավելի վտանգավոր է, բայց առաջինից ավելի շատ կա:
Բայց մյուս կողմից, Մինսկի խմբի ոչ մի համանախագահ վստահ չէ, որ հայերն ու ադրբեջանցիները խաղաղություն են հաստատելու եւ հաշտ համերաշխ ապրելու են, վստահ չէ, որովհետեւ այդքան ապուշ չէ: Ասելն ուրիշ բան է, ասածի մեջ վստահ լինելը բոլորովին այլ բան: Ասել կարելի է նաեւ ապուշություն, բայց վստահ լինելը ապուշության մեջ ապուշ լինելն է, ուրեմն ապուշություն ասողը փաստ չէ, որ ապուշ է: Մինսկի խումբը լավագույնս սահմանում է ապուշի եւ ապուշություն ասողի տարբերությունը, չնայած, երբեմն ուշադիր նայելով Ուորլիքի դեմքին այդ տարբերությունն այդքան էլ չի երեւում, բայց դա Ուորլիքի խնդիրն է, ոչ թե Մինսկի խմբի համանախագահության:
Այնպես որ այս պատերազմում ապուշություն խոսացողներ կան, իսկ ապուշնե՞ր: Ես կարծում եմ, որ կան, ավելին, ես գիտեմ, թե նրանք որտեղ են: Ադրբեջանո՞ւմ, իհարկե կան, բայց մեզ դա չպետք է հետաքրքրի, մանավանդ, որ մենք այնքան էլ չենք ուզում, որ Ադրբեջանը երկար կյանք ունենա, իսկ երկրները կործանում են, ոչ թե դրսից, այլ ներսի ապուշները: Հասկացա՞ք, նկատի ունեմ, թե որտեղ են լինում ապուշները: Իհարկե ներսում, ու խոսքն ամենեւին էլ դավաճանների մասին չէ, որոնք կան, բայց որոնք ապուշ չեն, քանի որ նպատակ ունեն, մեղմ ասած՝ հանցավոր, աններելի, բայց նպատակ: Բացի այդ դավաճանն ու ապուշը հոմանիշներ չեն: Ապուշները մի առանձնահատկություն ունեն, նրանք միակն են, որ ուրախանում են, երբ պատերազմ է սկսվում, անկեղծորեն, առանց թաքցնելու: Դրա համար երկու պատճառ ունեն, նախ ապուշներին պատերազմ չեն տանում, անգամ, երբ այդ պատերազմը բոլորին է տանում եւ երկրորդը, պատերազմը միակ ժամանակահատվածն է, երբ նրանց ասածի ու արածի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Նրանք էլ հանգիստ արտահայտվում են, բայց քանի որ պատերազմի ժամանակ բոլորն էլ կրակում են, կրակում են, անկապ, բառադի, ՙմենք էլ զինվոր ենք՚ դեմքի արտահայտությամբ, բայց ամենակարեւորը, քանի որ ապուշը դավաճան չէ, ինքը գիտակցաբար երկիրը կործանման չի տանում, ինքը ակամայից կործանում է: Օգտվո՞ւմ են արդյոք ապուշների ծառայություններից դավաճանները, իհարկե օգտվում են, մանավանդ որ ապուշները չգիտեն, չեն տարբերում, թե ո՞վ է դավաճանը, ո՞վ հալալ տղեն: Համ էլ՝ ում համար դավաճան, ում համար՝ հալալ տղա, այս երկուսի սահմանագիծն ավելի բարակ է, քան ապուշինն եւ դավաճանինը. ապուշի դեմքից ապուշություն է թափվում, դավաճանի դեմքից՝ սեր ու կարեկցանք:
Անուննե՞ր, չէ, այդպես հետաքրքիր չէ, հնարավոր էլ չէ, քանի որ այդ ժողովուրդը, որը կկարողանա բացահայտել իր ներսի ապուշներին եւ դավաճաններին եւ ճանաչել իր հալալ տղերքին էլ երբեք չի պատերազմի: Իսկ երբեք չպատերազմելը աշխարհի վերջն է, այնպես որ պատերազմի միակ լավն այն է, որ քանի այն տեղի է ունենում, աշխարհի վերջը չէ. աշխարհ ստեղծողը հո ապուշ չէ, որ վերջացնի այն, ինչն ինքն իրեն վերջանում է:
Ի դեպ, դուք նկատել եք, թե ի՞նչ սկզբունքով են նետվում պատերազմի, այո, իհարկե՝ ՙՓրկենք երկիրը, աշխարհը՚ սկզբունքով: Չնայած պատերազը կործանում է երկիրը՝ փրկելով աշխարհը:
Իսկ դուք աշխարհի գերտերություններից պահանջում եք, որ այստեղ դադարեցնեն պատերա՞զմը, հո ապուշ չեն, որ դադարեցնեն, բա ո՞վ եւ ինչպես փրկի աշխարհը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել