Օրինակ՝ հեթանոսները Աստծու Օրենքը չունեն, բայց երբ Օրենքը չունենալով՝ բնականորեն Օրենքի պահանջներն են գործադրում, ուրեմն՝ իրենք են իրենց իսկ Օրենքը։ Այդպիսով, նրանք ցույց են տալիս, որ Աստծու Օրենքի պահանջները գրված ունեն իրենց սրտերում, այդ մասին է նաև վկայում իրենց խիղճը, երբ իրենց դատողությունները հանդիմանում կամ արդարացնում են իրենց։ Այո՛, յուրաքանչյուր ոք իր ունեցած օրենքո՛վ պիտի դատվի այն օրը, երբ Աստված մարդկանց ծածուկ գործերը կդատի Հիսուս Քրիստոսի ձեռքով, ինչպես որ ավետարանեցի ձեզ։

Արդ, դու, որ ինքդ քեզ հրեա ես կոչում և,Օրենքին ապավինած, պարծենում ես Աստծով, դու, որ գիտես նրա կամքը և, Օրենքից սովորած լինելով, կարող ես զանազանել լավն ու վատը, դու, որ համոզված ես, թե առաջնորդ ես կույրերին, լույս՝ խավարի մեջ եղողներին, խրատող՝ անմիտներին, ուսուցիչ՝ մանուկներին, և վստահ ես, թե Օրենքն իր մեջ ունի իսկական գիտությունն ու ճշմարտությունը, ի վերջո, դու, որ ուսուցանում ես ուրիշին, ինքդ քեզ չե՞ս ուսուցանում։ Դու, որ քարոզում ես չգողանալ, գողանո՞ւմ ես։ Դու, որ ասում ես՝ «Մի՛ շնացիր», շնանո՞ւմ ես։ Դու, որ գարշում ես կուռքերից, նրանց տաճարներում կողոպո՞ւտ ես անում։ Դու, որ Օրենքով ես պարծենում, Աստծուն անարգած չե՞ս լինում Օրենքը խախտելով։
Արդարև, «Ձեր պատճառով հեթանոսներն անարգում են Աստծու անունը», ինչպես գրված է։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 2:12-24)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել