1987թ. մայիսի 28-ին Արևմտյան Գերմանիայի բնակիչ 19-ամյա Մաթիաս Ռուստը, փոքրիկ ինքնաթիռով մտնելով ԽՍՀՄ տարածք, որոշ ժամանակ անց վայրէջք կատարեց Մոսկվայի Կարմիր հրապարակում: Մաթիաս Ռուստը գերմանացի սկսնակ օդաչու էր, ով սառը պատերազմի շրջանում իր խոսքով նպատակ էր դրել կատարել անհնարինը, այն է ինքնաթիռով անցնել սովետական սահման և վայրէջք կատարել Մոսկվայում: Նա իր ճանապարհորդությունը սկսեց 1987թ. մայիսի 13-ին և թռչելով Հյուսիսային եվրոպայի մի քանի երկրներով, մայիսի վերջ հասավ Ֆինլանդիա: Մայիսի 28-ի առավոտյան նա սկսեց իր խելահեղ թռիչքի ամենակարևոր հատվածը: Հելսինկիից թռչելուց հետո, նա անցնելով սովետական սահմանը որոշ ժամանակ անարգել կերպով թռչում էր Էստոնիայի երկնքում, մինչ նրան ֆիքսեցին և նրա մոտ ուղարկվեցին սովետական ՄԻԳ-երը: Սովետական կործանիչները, որոշ ժամանակ նրա հետ հավասար թռչելով թողեցին հեռացան: Հետագայում կպարզվեր, որ սովետական ինքնաթիռները Ռուստի ինքնաթիռը իրենց ինքնաթիռներից էին համարել, քանի որ այդ ժամանակ ուսոցողական թռիչքներ էին կատարվում, այդ տարածքում: Այսպես, թե այնպես նա առանց որևէ խոչընդոտների բարեհաջող կերպով հասավ Մոսկվա: Սովետական հակաօդային պաշտպանության ուժերը ոչինչ չկարողացան անել: Բացի այն, որ կործանիչները շփոթվել էին, Ռուստը բավականին ցածր բարձրության վրա էր թռչում, ինչը անհնար էր դարձնում կործանիչների կողմից նրա ինքնաթիռի մշտական ուղեկցումը: Երեկոյան 19:00-ի կողմեր նա բարեհաջող կերպով վայրէրջք կատարեց Կարմիր հրապարակում, դուրս եկավ ինքնաթիռից և հավաքված ամբոխին դիմեց «Ես եկել եմ Արևմտյան Գերմանիայից և խաղաղության կոչ եմ անում» խոսքով: Ռուստը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման և իր պատիժը սկսեց կրել Մոսկվայում: Հետագայում 1988թ. Ռեյգանի և Գորբաչովի միջև կնքված «ատոմային զինատեսակների չտարածման» մասին պայմանագրից հետո նա ազատ արձակվեց: Ժամանակակիցների կարծիքով Ռուստի արարքը ցույց տվեց ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության և ընդհանրապես ամբողջ ԽՍՀՄ-ի խոցելիությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել