Ապրիլի դեռևս առաջին օրը թմբիրի մեջ էինք, հանկարծակի կորուստներ ունեցանք: Հետո հերոսապատում եղավ, աննկարագրելի անձնազոհությամբ կարճ ժամանակում զինվորականությունը պահեց ու հետ բերեց կորցվածի մեծ մասը: Թիկունքում ու սփյուռքում ազգը ոտքի կանգնեց, դարձավ միասնական, ողջ աշխարհին ցուց տվեց, որ մի բռունցք ենք:
Հետո, օրեր անց՝ հայտնվեցին մարդաճանճեր, սկսեցին այն ամեն լավի մեջ, ինչը կրկին ձեռք բերեցինք՝ ծիտուկներ դնել, օրեցօր քայքայել ու պղտորել՝ իբրև թե մտահոգ են, իբրև թե ուզում են դրականը: Ու այդ ամենը՝ միայն խոսքով: Խոսք, որն օրեցոր պառակտում է, խոսք, որն օրեցօր քայքայում է, խոսք, որն օրեցօր անվստահություն է միմյանց հանդեպ սերմանում, խոսք, որն օրեցօր արժեզրկում է ամեն ձեռքբերում, ոչնչացնում ամեն մի վերածննդյան սաղմ:
Ուշքի եկեք, մարդի՛կ:
Խոսեք, երբ Գործով եք զբաղված, երբ Գործի աջակից ձեռքեր ու ուղեղներ են պետք: Խոսե՛ք, երբ Գործից ազատ ժամանակ ունեք:
Պարապ մի խոսե՛ք: Հասկացեք, դրանով վնասու՛մ եք, կոտրու՛մ եք:
Հիշեք՝ Մենք զգայուն ու կտրուկ փոփոխվող ազգ ենք: Ազգ, որ արագ կարող է բարձրանալ, բայց նույն արագությամբ գահավիժել: Ազգ, ով չնչին դիմադրություն ցույց տվեց ու ցեղասպանության ենթարկվեց 1915 թվականին, բայց գրեթե անզեն՝ 1918թվականին հերոսացավ ու Սարդարապատ-Բաշապարանում կանխեց կանոնավոր թուրքական բանակին: Բայց նաև ազգ՝ ով առանց կռվի հանձնեց Կարսի անառիկ ամրոցը: Եվ այդ ամենը՝ 1915-ից 1920 թվականներին, 5 տարվա ընթացքում: Ազգ, ով 1992 թվականի մայիսին, գրեթե անհնարինության պայմաններում ազատագրեց Շուշին ու Բերձորը, բայց մեկ ամիս անց՝ հանձնեց Շահումյանն ու Մարտակերտը, բայց մինչև 1994թվականի գարնան վերջ 2 տարվա ընթացքում՝ ազատագրեց Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն ու այն հավելեց ևս 7 պատմական հայկական շրջաններով:
Դասեր քաղենք ու նույն սխալները չկրկնենք: Յուրաքանչյուրս ուղղակի ինքներս մեր քայլերին հետևենք: Մեծից փոքր, անխտիր բոլորս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել