Բայց Աստծու բարկությունը երկնքից է հայտնվելու մարդկանց անհավատության և անիրավության համար, որոնց անիրավությունը թույլ չի տալիս, որ ճշմարտությունը երևան գա, որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանք գիտեն արդեն, քանի որ Աստված ի՛նքը նրանց հայտնեց այն։ Արդարև, աշխարհի ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով, և սա նրա համար, որպեսզի մարդիկ որևէ արդարացում չունենան, քանի որ նրանք, Աստծուն ճանաչելով, իբրև Աստված չփառավորեցին և շնորհակալ չեղան նրան, այլ անհեթեթ խորհուրդներ ունեցան, ուստի և նրանց միտքը անմտությամբ խավարեց։ Իրենք իրենց իմաստուն համարելով՝ հիմարացան և անմահ Աստծու փառքը հատկացրին մահկանացու մարդկանց, թռչունների, չորքոտանիների և սողունների նմանությունը ունեցող պատկերների։ Դրա համար էլ Աստված թույլ տվեց, որ իրենց սրտի ցանկություններով հանձնվեն պղծության և իրենք իրենց մարմինն անպատվեն, քանի որ Աստծու վերաբերմամբ ճշմարտության փոխարեն նրանք նախընտրեցին
ստությունը, արարածներին հարգանք ընծայեցին և նրա՛նց պաշտեցին, փոխանակ պաշտելու Արարչին, որ օրհնյալ է հավիտյան. ամեն։

Ահա թե ինչու Աստված թույլ տվեց, որ նրանք անձնատուր լինեն անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը իրենց բնական հարաբերությունները փոխանակեցին հակաբնական հարաբերություններով։ Նույնպես և արուները, կանանց հետ բնական հարաբերությունը թողած, հակաբնական ախորժակներով իրար ցանկացան. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և իրենց մոլորության արժանի հատուցումն ստանում Աստծուց։ Եվ քանի որ նրանք չուզեցին ճանաչել Աստծուն, Աստված էլ թույլ տվեց, որ նրանք իրենց անարգ մտքերին անձնատուր եղած՝ անեն այն, ինչ չպետք է անել. այսինքն՝ լցվեն ամեն տեսակ անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ և լինեն նախանձոտ, սպանող, հակառակասեր, նենգ, չարաբարո, բամբասող, չարախոս, աստվածատյաց, անամոթ, ամբարտավան, ինքնահավան, չարիք հնարող, ծնող անարգող, անմիտ, խոստմնադրուժ, անգութ, անհաշտ և անողորմ։ Եվ գիտենալով Աստծու դատաստանը, թե այսպիսի բաներ անողները մահվան են արժանի, ոչ միայն իրենք են անում այդ բաները, այլ նաև հավանություն են տալիս անողներին։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 1:18-32)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել