Քառորյա պատերազմից հետո Վիեննայում տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը և Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ համատեղ հայտարարությունը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ փաստացի խորհրդանշում է վերադարձ դեպի հին ստատուս քվոն, որը խախտվել էր ոչ թե գերտերությունների, այլ տարածաշրջանային երկրորդական խաղացող` Թուրքիայի միջամտությամբ: Գերտերությունները, թողնելով իրենց գլոբալ հակասությունները, ի մի եկան այն հարցում, որ տարածաշրջանային այս հիմնախնդրի այլընտրանքային լուծում չկա, որ այն վերահսկելի է ԵԱՀԿ ՄԽ կողմից և որևէ այլ սցենար այստեղ հնարավոր չէ:

Ակնհայտ է դառնում, որ ապրիլմեկյան արկածախնդրության սցենարը գրվել էր ոչ թե Բաքվում, այլ` Անկարայում, և դրա զոհերից մեկը կարող էր դառնալ հենց Իլհամ Ալիևը: Այն ժամանակ, երբ նա դեռ ԱՄՆ-ում էր, ադրբեջանական ռազմական ղեկավարությունը փորձեց ռազմական հեղաշրջում իրականացնել երկրում. հաղթանակի դեպքում Իլհամին կմեղադրեին, որ նա չղեկավարեց բանակը և «հոռետեսությամբ լցված» ` «պատսպարվում էր Նյու Յորքում», իսկ պարտության` որ նա «չգլխավորեց ազգը» և փախել էր` «ժողովրդի զայրույթից և հաշվեհարդարից»: Պատահական չէր, որ այդ օրերին ակտիվացել էին ոչ միայն թուրքամետ գեներալները, այլ նաև «Մուսավաթ» և «Ժողովդրական ճակատ» տխրահռչակ կուսակցությունները: Ավելին, եթե ադրբեջանական զորքերը հասնեին Սարսանդի ջրամբարը, ապա կարող էին էկոլոգիական մեծ աղետ առաջացնեին, մեղադրելով հայկական կողմին և «նոր Խոջալուի» մի հեքիաթ հորինեին... Իսկ բոլորիս համար հայտնի է, թե ինչի համար էր հորինվել Խոջալուի ողբերգությունը և ինչպես հեռացվեց Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը...

Պարզ է դառնում, որ ալիևյան կլանն արդեն խանգարում է և Անկարային և ադրբեջանական ծայրահեղականներին, Արևմուտքի հետ սերտ կապեր ունեցող բիզնես շրջանակներին, մանավանդ որ այն հակված է երկիրը տանելու դեպի Մոսկվա և Եվրասիական միություն: Իլամ Ալիևը, թեև արտաքուստ ժպտում է և ողջագուրվում Էրդողանի հետ, այնուամենայնիվ` պահպանում է դեռ իր հորից` ԿԳԲ գեներալից ժառանգած կապերը ռուսական էլիտայի հետ, և չէր գնա այդ կապերի կտրուկ վատթարացմանը կամ խզմանը... Թուրքական էլիտան` Ալիևին սանձելու համար ուներ իր սցենարը` կամ ԻԳԻԼ-ի վարձկանների և իր փողերով սնվող ադրբեջանական գեներալիտետի, ազգայնականների միջոցով գահընկեց կաներ իրեն, կամ` կբեմադրեր Նախիջևանի նկատմամբ ինչ որ վտանգ և բռնակցեր այդ երկրամասը: Ռեջեփ Էրդողանին այս օրերին խիստ անհրաժեշտ է այնպիսի մի հաղթանակ, որը կարող է կասկածի տակ դնել ՌԴ նապագահ Վ. Պուտինի բարձր վարկանիշը... Բացի այն, նման կերպ Անկարան կանվանարկեր նաև Ղրիմի միացումը Ռուսաստանին, դարձնելով Նախիջևանը «իր Ղրիմը»…

Անտարակույս, հայկական զինված ուժերը կարող էին կոտրել ադրբեջանական պետության ողնաշարը, հասնելով Եվլախ, պարտությունը կլիներ անբուժելի… Սակայն, դա կարող էր հանգեցնել Ալիևյան կլանի տապալմանը, որը կարող էր հակասել Հայաստանի և Արցաի ազգային շահերին և անվտանգությանը… Ալիևի տապալումով պարզ չէր, թե ով կստանձներ երկրի նոր ղեկավարությունը, թեև ակնհայտ էր, որ թուրքամետ ուժերը` ԻԳԻԼ-ի մասնակցությամբ: Ադրբեջանը կդառնար անվերահսկելի և քաոս սերմանող: Նրա այդպիսի նոր կարգավիճակը կսպառնար ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսատսանին և Իրանին, կարագացներ գլոբալ մի քանի գործընթացներ, որոնք կարող էին բերել Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ փոփոխության, ուժերի վերադարսավորության..

Փաստացի, հենց դա է պատճառը, որ Մոսկվան հրատապ կազմակերպեց ապրիլի 5-ին ՀՀ և ԱՀ ԶՈւ ԳՇ պետերի շուտափույտ հանդիպումը, Լավրովը, առանց որևէ նախապայմանների կամ առաջարկների ժամանեց Երևան.. Վերջին օրերին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրումը ևս տագնապալի էր ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև ԱՄՆ և ԵՄ–ի համար, մանավանդ, որ Թուրքիայում այդ օրերին Քրդական բանվորական կուսակցության դեմ ռազմական գործողություները ծավալվում էին հենց ՀՀ սահմանին այնքան մոտ… Ալիևյան կլանի տապալումն ու անկանխատեսելի հեռանկարներն էին, որ ստիպեցին ՄԽ համանախագահներին Վիեննայում սեղանի շուրջ նստեցնել ՀՀ Նախագահին և Ադրբեջանի ղեկավարին, քանի որ միայն այդ կերպ կարելի էր կանխել արդեն ոչ իրենց շահերից բխող սցենարի իրականացումը…

Սակայն դա դեռ չի նշանակում, որ Անկարայի ձեռքերը դրանով կապվել են: Բնավ: Պարզապես հիմա թուրքական վերնախավը կգործադրի Ալիրի վրա ներսից ազդելու իր սցենարը, և չի բացառվում, որ Ադրբեջանում ներքաղաքական շատ սուր պայքար կսկսվի։ Բայց պարզ է, որ Հայաստանը ժամանակավորապես փրկեց Ալիևի կլանը, ճիշտ է , իր որդիների արյան գնով.. Բայց այդ գերդաստանի տապալումը կարող էր բերեր հետագայում էլ ավելի մեծ զոհեր, ավելի անկանխատեսելի հեռանկարներ.. Իսկ այժմ Ադրբեջանը որոշ ժամանակով կտապակվի իր եռացող ձեթում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել