Մեկ ու կես տարեկան էի, երբ կորցրի քեզ, Վահրամս: Մարտի դաշտից եկար տեսնելու նորածին քրոջդ աչքերը: Ներիր, եղբայր իմ, որ հիմա աչքերս այնպիսին չեն, ինչպիսին դու ես տեսել, հիմա դրանք բռնադատված են տխրության: Քայլում եմ այս հեռավոր երկրում, նայում շուրջս քայլող մարդկանց, այնքան հանգիստ են, այնքան խաղաղ: Երանի նրանց: Ուզում եմ, որ հայը վերգտնի իր աչքերի խաղաղությունը:
Թե ինչքան թախիծ ու տառապանք եմ տեսել ծնողներիս աչքերում. հպարտության հետ միահյուսված անասելի ցավ ու կարոտ: Նրանց հետ կարոտել եմ, նրանց հետ հպարտացել: Չեմ ուզում հայ մայրերի աչքերում տեսնել մորս աչքերի անհուն թախիծը: Անմահացած ամեն հերոսի մոր ցավն անկիսելի է: Արտասվում ենք, հպարտանում, խոնարհվում, բայց նրանց ցավը կիսել չենք կարող:
Ես միշտ հավատացել եմ, որ քո, Մոնթեի, Բեկորի և մյուս քաջազունների հերոսացմամբ Արցախս ապրելու է խաղաղ: Օգնիր վերագտնել այդ հավատը: Ես գիտեմ, որ հայի ոգին ուժեղ է և անառիկ, ես գիտեմ, որ հայն անպարտելի է, բայց ես ուզում ու երազում եմ լոկ մի բան… խաղաղություն…
Պետք չէ ամպագոռգոռ հասնել Բաքու, պետք է հիշել, որ դա կլինի գիտակցված մահվան գնացող մեր տղերքի կյանքի գնով: Թուրք ասկյարի անգամ հազարի դիմաց մեկ զոհ տալու իրավունք չունենք, հայ մայրերի աչքերը կարոտով թողնելու իրավունք չունենք: Նախորդ կռվում հաղթանակեցինք, բայց կորցրինք հայի գենն իր մեջ կրող մի այնպիսի սերունդ, ինչպիսին կրկին կորցնելու իրավունք չունենք:
Ի ծնե ատել եմ պատերազմը, այն քեզ տարավ ինձնից, այն տառապանքով լցրեց մորս աչքերը:
Էլ չեմ ուզում կորցնել…

Հեղինակ՝ © Դիցանույշ Բաբայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել