Պետականության պահպանման ու զարգացման ամենակարևոր նախադրյալներից մեկը՝ պետականամետ մտածելակերպն է: Թե իշխանությունը, թե հասարակությունը պետք է առաջնորդվեն պետականաշինության գաղափարով: Պատերազմական իրավիճակում գտնվող ժողովուրդն ու իշխանավորն էլ ավելի զգոն պետք է լինեն դիմակայելու համար արտաքին մարտահրավերներին:

Նախորդ ամսվա էսկալացիան մի քանի հարցեր իր հետ առաջ բերեց, որոնցից շատերը ունեն հստակ պատասխաններ, որոշներն էլ դեռ շարունակում են անհայտ մնալ: Ինչևէ... Այս օրերին հնչում են կարծիքներ մեղադրանքներ, հասարակության կողմից մատնացույց են արվում իշխանական համակարգի ցոփ ու շվայթ կյանքը, ինչպես նաև խոսվում է այն մասին, որ պետական ահռելի ծախսատար խողովակը պետք է փոքրացնել ու դրանից առաջացած գումարներն ուղղել բանակի սպառազինությանը:

Կարծես թե իշխանությունները ականջալուր են եղել վերոնշյալ հանրային պահանջներին: Գործադիրի ղեկավարը նիստի ժամանակ նշել է. «Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը»:

Հանձնարարականներ արդեն հնչում են, սառույցը տեղից շարժվում է: Սա դրական միտում է, քանի որ այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ: Պետական ծառայողական մեքենաների թվի ու դրանց վրա տարեկան կատարվող ծախսերի կրճատման կամ գործուղումների հաճախականության փոքրացման հետևանքով հնարավոր կլինի ոչ միայն լուծել տարբեր խնդիրներ, այլ նաև առաջացած գումարներն ուղղել բանակին ու ԼՂՀ-ին: Այո գովելի է, բայց այստեղ մեկ այլ նրբություն էլ կա: Մի՞թե մինչ ապրիլ ամիսը տեսանելի չէին բոլոր ռիսկերը, որոնք կարող էին ծանր հետևանքներ թողնել: Արդյո՞ք մեր պետական ապարատում չէին տեսնում, որ կա ծախսերի կրճատման ու բանակի սպառազինության անհրաժեշտությունը: Մի՞թե պարտադիր պետք է հայտնվել կրիտիկական իրավիճակում, որ այս պարզագույն ու ակներև խնդիրների վրա ուշադրություն դարձնել: Նախկինում ևս ակնհայտ էր, որ թանկ ծառայողական մեքենայից չէ, որ կախված է պետության տնտեսական համակարգի զարգացումը:

Ընդհանուր առմամբ դրական տեղաշարժ է, սակայն սա պետք է կրի համատարած բնույթ: Այսօր ավելին քան երբեք Հայաստանին հարկավոր է առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Դրա ճանապարհին պետք է երկրորդական ծախսերով չծանրաբեռնել առանց այն էլ սուղ բյուջեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել