Վերջին ագրեսիվ և ոչ կառուցողական հայտարարություններից հետո կարդում ես Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի՝ նախօրեին «Եվրոպայի օրվան» նվիրված ուղերձի տեքստը, և ակամա մի հարց է առաջանում՝ տեսնես Էրդողանը գիտի՞ որ իր անունից նման մեղմ բովանդակությամբ փաստաթուղթ է հրապարակվել: Հետո հասկանում ես, որ այդ տեքստն ընդամենը գրվել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից՝ առավել ևս՝ խորհրդանշական՝ «Եվրոպայի օրվա» կապակցությամբ:

Այս համատեքստում, որքան էլ փորձ արվի վերոնշյալ ուղերձի տեքստում ենթատեքստեր փնտրելու, նոր մեսիջներ արձանագրելու, կամ նոր քաղաքական ուղեգծի տարրեր բացահայտելու, այնուամենյնիվ, իմ խորին համոզմամբ՝ ակնկալել լուրջ փոփոխություններ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում՝ տեղին չէ մի պարզ պատճառով՝ որ կողմերից մեկի՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության ղեկին դեռևս միայն փաստացի կանգնած է անկանխատեսելի, բացառապես սեփական նեղ այսօրեական շահը հետապնդող անխոհեմ առաջնորդ:

Այն հանգամանքը, որ Թուրքիա-ԵՄ հաբերությունները բավական խնդրահարույց են և դրանց հետ կապված՝ կանխատեսելի են նոր՝ բարդագույն զարգացումներ, կասկածից վեր է. առնվազն 2 փաստարկ բերեմ՝ վերոնշյալի օգտին: Նախ այն, որ Թուրքիայում տեղ գտած վերջին ներքաղաքական գործընթացներն, իսկ ավելի ճշգրիտ՝ իշխանական վերնախավում արձանագրված փոփոխությունները ցույց են տալիս, որ այդ երկրի՝ միապետի կարգավիճակի ձգտող անկանխատեսելի վարքով նախագահը շարունեկելու է նույն շանտաժային քաղաքականությունը, նույն գործելաոճն ու հռետորաբանությունը Թուրքիայի առջև ծառացած ներքին և արտաքին հիմնական խնդիրների առնչությամբ:

Հաջորդ առանցքային իրողությունը, որը ևս կարող է կողմնորոշիչ լինել Անկարա-Բրյուսել հաբերությունների ներկա շրջափուլի համար, Սիրիայում և Իրաքում շարունակվող ճգնաժամն է, որի հանգուցալուծման հնարավորությունները գնալով ավելի մշուշոտ են դառնում: Իսկ վերոգրյալը նշանակում է, որ գաղթականների խնդիրը շարունակելու է լուրջ ազդեցություն ունենալ նախ նույն Թուրքիայի ներքին կյանքում, և, իհարկե, անհրաժեշտության դեպքում՝ այդ երկրի իշխանությունների համար՝ որպես փորձված գործիք՝ Եվրոպային «պատին սեղմելու» հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել