Արմենչիկի կողմից զինվորներին տուլիկ բաժանելու շուրջ սկսած հերթական ֆեյսբուքյան փոթորիկ ասեմ, թե սռաչ ասեմ․․․ մի խոսքով, էդ թեմայի շուրջ։

1․ Սովորական գունդն ունի 1500-2000 զինծառայող։ Եթե գիտեք ավելի արագ ու արդյունավետ ձև, թե ինչպես կարելի է ԲՈԼՈՐԻՆ բաժանել հավասարաչափ բաշխված փաթեթները, քան շարքով մոտենալն է՝ ասեք։ Ես որ չգիտեմ։ Ասում են, եվրոպայում հերթեր չեն լինում, որովհետև այդ մեխանիզմով է, ոչ թե հայավարի՝ իրար գլխի հելնելով։

2․ Շատ է խոսվում ստորացվածության մասին։ Անկեղծ, չհասկացա թե ինչում է կայանում ստորացման գործոնն այս տեսանյութում։ Որ շարքով փաթեթնե՞ր են վերցնում, թե՞ որ փաթեթ են տալիս։ Եթե ասենք էդ փաթեթները պլացի վրա բլուրի ձևով դարսած լինեին ու անկազմակերպ մոտենային վերցնելու, և արդյունքում ստացվեր մոտավորապես այն պատկերը, ինչ ասենք Երևան Մոլլում խմորեղեն բաժանելուց էր, երևի ավելի արժանապատիվ էր դիտվելու։

3․ Զինվորներին օգնություն են ուղարկում ու չեն նկարում՝ շուխուռ եք անում, որ զինվորներին բան չի հասնում և սաղ ծախում են։ Նկարում են՝ շուխուռ եք անում, թե ստորացնում են ու հրամանատարները եսիմ ուր են նայում։ Կկողմնորոշվե՞ք։

4․ Դատելով այլ տեսանյութերից, Արմենչիկը նաև երգել ու համերգային միջոցառում է արել։ Համենայն դեպս, ինչ որ զինվորների հետ պարելու տեսանյութ էլ աչքովս ընկավ։ Զորամասերում տենց ժամանակ զորքը շարում են, իսկ հետո ով ուզում է՝ պարում է։ Տեսանյութերում զինվորները հավեսով պարում էին։ Էս էլ զորքը շարելու մասով։

5․ Ոնց հասկանում եմ՝ ղալմաղալ դնողներից ոչ մեկի հաշվին այդ փաթեթները չեն գնվել, ոչ մեկի հաշվին դրանք տեղ չեն հասցվել ու քննադատողներից շատերը բացի լայքելուց ու լալահառաչ քոմենթներ գրելուց ոչ մի բան չեն արել բանակի համար՝ ո՛չ այս օրերին, ոչ էլ ապրիլյան մարտերից առաջ։ Հիմա էս մարդը սենց է արել ու էս լուսաբանման մեթոդն է ընտրել։ Ո՛չ առաջինն է, ո՛չ էլ ինչ որ դատապարտելի բան եմ տեսնում իր արարքի մեջ, բայց հիստերիայի ալիք հենց նրա արածի շուրջ է բարձրանում։ Ինչո՞ւ։ Երևի էն վաստակավոր արտիստի կոչման շուրջ աղմուկից հետո մի տեսակ թրենդային է կոնկրետ Արմենչիկին քլնգելը։

Հ․Գ․ Արմենչիկի ապոլոգետը չեմ, չեմ սիրում երաժշտության այն ոճը, որն ինքն է ներկայացնում, հորողբորս տղեն չի, ոչ էլ PARAP U NAXANDZ միստիկ մեկնաբանությունն եմ հաճախ գրում։ Պարզապես չկարողացա անտարբեր մնալ մի երևույթի նկատմամբ, որն ըստ իս՝ անարդար է։ Այ հիմա ինչքան ուզում եք խաչեք ինձ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել