Ֆաշիզմը հիմնականում ի հայտ է գալիս ոչ ժողովրդավարական երկրներում` քաղաքական ճգնաժամների ժամանակ, որոնք ուղեկցվում են սոցիալական ճգնաժամով: Տեղի է ունենում կենտրոնացում պատմության ընթացքում տեղի ունեցած լավագույն պահերի վրա: Ֆաշիզմի սոցիալական մոդելը ավելի շուտ կենտրոնացած է ազգի, քան ազգը կազմող անհատների վրա: Նա ձգտում է ստեղծել միավորված և համերաշխ մի խումբ, որը կունենա ամուր ինքնություն: Դրա համար հարկավոր է, որ այդ խումբը` հանրույթը, ունենա ընդհանուր պատմություն և ճակատագիր, և որ այն կառուցվի սեփական մշակութային ամրությունը հավերժացնելու կամքի վրա: Ըստ ֆաշիստական կուսակցությունների` մշակույթը և մենթալիտետը փոխանցվում են գեներով, իսկ ժողովրդավարությունը և լիբերալ արժեքները ընկալում են որպես օտարածին գաղափարախոսություններ, որոնք հասարակության մեջ են ներարկվում արտաքին մութ ուժերի կողմից, որոնց նպատակն է խարխլել ազգային արժեհամակարգի հիմքերը: Այդ ժամանակ առաջ է գալիս ազգային մշակույթն ու ազգային մենթալիտետը ամեն գնով պաշտպանելու խնդիրը, որոնք, ըստ ֆաշիստների, ուժեղ պետության հիմնական նախապայմաններն են: Սեփական գենը դարձնելով պաշտպանմունքի առարկա՝ ֆաշիստները պնդում են, որ դրան բնորոշ չեն ազատագրական արժեքներն ու ժողովրդավարությունը: Հավատալը, ենթարկելը և կռվելը դառնում են արժեքներ, վերլուծելն ու քննադատելը որակվում են որպես անհնազանդություն: Դրա համար էլ հարկավոր է ստեղծել մի կարևոր զգացմունք, գտնել մի ընդհանուր թշնամի, որը ձգտում է ոչնչացնել կոլեկտիվը, և որի դեմ էլ ամբողջ խումբը պետք է մոբիլիզացվի: Այս մոբիլիզացիան թույլ է տալիս խստորեն ոչնչացնել ամեն մի բողոք` առանց կորցնելու ժողովրդական աջակցությունը: Կարևոր չեն ծրագրերը: Կարևոր է անվերապահորեն առաջնորդին ենթարկվելը: Կարծում են, որ պատմությունը կերտում են ո՛չ զանգվածները, ո՛չ լռության մեջ գործող ուժերը և ո՛չ էլ անգամ գաղափարները: Պատմությունը կերտում է իր հզորությանը հավատացող էլիտան: Ահա թե ինչու չի ստացվում ձևավորել ժողովրդավարական պետություն: Այդպիսով տեղի է ունենում ներկա անմխիթար վիճակի (ձևական ընտրությունների, սոցիալական անհավասար պայմանների, օրենքի առաջ ահավասարության) ռացիոնալիզացիա: Իրականում մշակույթ է մարդու կողմից ստեղծված յուրաքանչյուր իր՝ թե նյութական, թե հոգևոր: Մշակույթը զարգանում է փոխազդեցության սկզբունքով. բացառություն են կազմում աֆրիկյան այն ցեղերը, որոնք ապրում են իզոլացիայի պայմաններում: Ինչպե՞ս կարող է օրինակ՝ Մարքսի կամ թերթի երեկվա համարը փոխանցվել գեներով: Հարց, որին ֆաշիստները այդպես էլ չկարողացան պատասխանել: Չկարողանալով հասնել ժողովրդավարության՝ ֆաշիստական իշխող կուսակցությունը պնդում է, որ ժաղովրդավարությունը, ազատականությունը բնորոշ չեն տվյալ էթնիկ տարրին՝ գենի օրիգինալության պատճառով: Այսպիսով տեղի է ունենում առկա բռնատիրական կարգերի ռացիոնալիզացիա: Գենը, մշակույթը, մենթալիտետը պահպանելու կոչ անելով` իրականում նրանք կոչ են անում պահպանել առկա բռնատիրական ռեժիմը՝ սեփական իշխանությունն ու կապիտալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել