Լուսանկարում Շուշիի հայկական թատրոնի շենքն է՝ 1902 թվականին: Այն կառուցվել էր Մկրտիչ Խանդամիրյանի կողմից 1891-ին՝ Ղազանչեցոց եկեղեցու հարևանությամբ: Հոյակերտ այս կառույցը, որի հարմարավետ դահլիճը նախատեսված էր 350 հանդիսատեսի համար, ավիրել և հրկիզել են 1905-ի ամռանը կովկասյան թաթարների հրոսակախմբերը՝ ցարական իշխանությունների կողմից հրահրված հայ-թաթարական զինված բախումների ընթացքում:

Շուշիում առաջին թատերական ներկայացումը տրվել է դեռևս 1848 թվականին՝ եվրոպական համալսարաններում սովորող շուշեցի հայ ուսանողների ուժերով: Քաղաքում թատերական կյանքն աշխուժացել է 1865-ից, երբ Գ. Չմշկյանի, Ս. Մանդինյանի, Մ. Ամրիկյանի մասնակցությամբ Շուշիի ինքնագործ թատերախմբի ուժերով բեմադրվել են «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ», «Սամվել» և այլ պիեսներ: 1882-ի օգոստոսին Շուշիում հյուրախաղերով հանդես է եկել հայ մեծ դերասան Պետրոս Ադամյանը:

Մկրտիչ Խանդամիրյանի թատրոնը սկսել է գործել է 1873 թվականից՝ Շուշիի քաղաքային ակումբի շենքում, իսկ 1891-ից արդեն տեղափոխվում է նկարում պատկերված այս շենքը, որտեղ կազմակերպվել են նաև համերգներ և կրկեսային ներկայացումներ: Խանդամիրյանի թատրոնում և քաղաքի այլ ակումբներում հյուրախաղերով հանդես են եկել Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը և այլ անվանի հայ դերասաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել