Իսկ Ադամը որքա՞ն փող ուներ: Չէ, սա շատ կարեւոր է, որովհետեւ, եթե Ադամը փող չուներ, ուրեմն ժողովուրդ էր, եթե ուներ, ուրեմն նրանցից էր: Ժողովուրդն ու նրանք տարբերվում են հենց փողով: Ով փող չունի ժողովուրդ է, ով շատ փող ունի՝ նրանցից է: Ընդ որում, նա, ով փող չունի, կոչվում է՝ հիմար, բայց նա, ով շատ-շատ փող ունի, կոչվում է ամենահիմար: Մի խոսքով, Մոնթեի ասած՝ անոնք ալ մեզնից էշ են:
Չգիտե՞ն այդ մասին, կարծում եմ, որ չգիտեն, շատ-շատ փող ունեցողն առհասարակ շատ բան չգիտի, պետք էլ չի իմանա, հենց իմացավ՝ էլ շատ-շատ փող չի ունենա, ընտրությունը այս երկուսի մեջ է՝ կամ շատ-շատ բան ես իմանում, կամ՝ շատ-շատ փող ես ունենում: Բարդ ընտրութուն չէ, համենայն դեպս, նրանք, ովքեր կանգնել են այս ընտրության առջեւ իմանալը չեն ընտրել: Իմանալը՝ տանջանք է, չիմանալը՝ կայֆ, կայֆը՝ փողն է, շատ-շատ փողը՝ շատ-շատ կայֆն է: Կայֆոտ ազգ ենք, կայֆոտ եւ տանջվող:
Ազգը՝ ժողովուրդը չէ: Ազգը նաեւ նրանք են, ազգը կարող է լինել եւ կայֆոտ եւ տանջվող, ժողովուրդը՝ նրանք չեն, նրանք ազգի կայֆոտ մասն են, ժողովուրդը՝ տանջվողը, ժողովուրդ գումարած նրանք հավասար է ազգ: Մեր պարագայում՝ հայ ազգ, հայ ժողովորդ, հայ նրանք, վայ նրանք: Ի դեպ, ես հարուստներին սիրում եմ, փող էլ: Փող ավելի շատ եմ սիրում, դրա համար էլ, հարուստներին չեմ սիրում, նախանձում եմ: Սերն ու նահանձը, մեկ-մեկ շփոթելի են, մեկ-մեկ չես հասկանում՝ սիրո՞ւմ ես, թե՞ նախանձում: Հենց հասկանում ես, որ չես հասկանում, ուրեմն նախանձում ես: Ժողովուրդը ազգի նախանձ հատվածն է: Ամեն օր նախանձում է, զարթնում է ու մտածում՝ ո՞ւմ նախանձի այսօր, գտնում է՝ նրանցից մեկին եւ գնաց: Նա էլ կայֆ է ստանում, համ փող ունի համ էլ նախանձող ունի: Դրա համար էլ բարեգործություն է հանում՝ էս ժողովրդի համար, քանի որ ինքը սիրում է էս ժողովրդին, քանի որ էս ժողովուրդն իրեն նախանձում է, իսկ երբ իրեն նախանձում են, ինքը կայֆ է ստանում: Ու որպեսզի ժողովուրդը հանկարծ բռի-չոբան բաներ չանի իր հասցեին, եկեղեցի է կառուցում, որ ժողովուրդևը մոբիլիզացված մնա, քրիստոնեաբար մոբիլիզացված մնա, աղոթի, որ ինքն էլ փող ունենա, սակայն միայն աղոթի, որ ինքն էլ փող ունենա: Ժողովուրդն էլ աղոթում է, սակայն միայն աղոթում է: Աղոթքը վերջին հնարավորությունն է, աղոթքը հնարավորություններ էլ չէ, հնարավորություն չունենալու խոստովանությունն է: Ու այստեղ գալիս է նրանց երրորդ կայֆը, նրանք շատ-շատ փող ունեն՝ նամբեր ուան կայֆ, նրանց նախանձող կա՝ նամբեր թու կայֆ, ժողովուրդը խոստովանում է, որ հնարավորություն չունի՝ հասնելու նրանց, նամբեր թրի կայֆ: Եռակի կայֆ: Եռատոն ունենք, եռակայֆ էլ ունենք: Ընդհանուր առմամբ՝ ուրախ ժողովուրդ ենք, ուրախ, բայց մուննաթ դեմքով: Մուննաթ դեմքով, որովհետեւ նախանձում ենք, ուրախ, որովհետեւ բարձրագույն ավարտ ենք: Նրանք էլ ուրախ են ու մուննաթ դեմքով, ուրախ են, որովհետեւ բարձրագույն ավարտ չեն, մուննաթ դեմքով են, քանի որ իրենք ուրիշ դեմք չունեն: Իրենք բանաստեղծի հետ էլ են նույն դեմքով խոսում, աստղաֆիզիկոսի հետ էլ, դիրք պահող տղու հետ էլ, իրենց մորքուրի տղու հետ էլ: Մենակ նախագահի հետ այդ դեմքով չեն խոսում, ոչ թե, որովհետեւ վախենում են, այլ, որովհետեւ նախագահն էլ այդ դեմքով է: Երկու մուննաթ մի տեղ չի լինում, դրա համար էլ ժողովուրդը 5000 դրամ է վերցնում, 5000 դրամը մուննաթի պարտությունն է՝ ավելի զիլ մուննաթին: Նրանց մուննաթն ավելի զիլ է: Չնայած ժողովուրդը նրանցից ավելի զիլ է:
Վերջում ի՞նչ պետք է լինի, իսկ վերջ լինելո՞ւ է: Եթե դուք հավատում եք Աստվածաշնչին, ապա լինելու է, եւ եթե հավատում եք Աստվածաշնչին, ապա այնտեղ գրված է, թե վերջը ինչպես է լինելու, ու շատ էլ մանրամասնորեն: Եթե Աստվածաշնչին չեք հավատում, բայց, օրինակ Թումանյանին եք հավատում, ապա գիտեք, որ վերջը միայն չարի համար է լինելու: Իսկ, եթե դուք ոչ Աստվածաշնչին եք հավատում, ոչ էլ Թումանյանին, ապա ցավակցում եք ձեզ, ոչ թե, որովհետեւ վերջը վատ է լինելու, կամ վերջ լինելու է, այլ, քանի որ դուք ոչ մեկին եւ ոչ մի բանի չեք հավատում:
Ես, օրինակ, հավատում եմ, որ Ադամը շատ փող չուներ, բայց նա շատ բան չգիտեր էլ, ուրեմն նա ոչ ժողովուրդ էր, ոչ էլ նրանցից: Հետո Ադամից ծնվեց ժողովուրդը, ժողովուրդից էլ՝ նրանք, նրանցից էլ՝ բարեգործությունը...Աստված էլ ներում է բարեգործներին:
Ահա եւ վերջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել