Ապրիլյան պատերազմը և Արցախի շուրջ վերջին զարգացումները վեր հանեցին այն իրողությունը, որ անցած 25 տարիների ընթացքում մենք այդպես էլ չենք կարողացել ստեղծել կուռ ազգային հայեցակարգ, որ հստակ գիտակցենք՝ ի՞նչ ենք ուզում, ինչպե՞ս ենք դա անելու և ու՞ր ենք գնում ի վերջո: Հայտնի է, որ Արցախի ու Նախիջևանի բռնակցումը Ադրբեջանին և համապատասխան սահմանազատումները ժամանակին կատարվել են՝ հիմք ընդունելով 1921 թվականի Մոսկվայի և Կարսի տխրահռչակ պայմանագրերը: Այս տարիների ընթացքում մենք այդպես էլ չենք փորձել իրավական տեսանկյունից անօրինական ճանաչել և չեղարկել այդ պայմանագրերը, ու այնպես է ստացվում, որ փաստորեն մինչ հիմա պայքարել ենք այդ պայմանագրերի ստորագրումով առաջացած ծանր հետևանքները վերացնելու համար, ամենևին չփորձելով դատապարտել այդ ամենի բուն պատճառը՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Իրատես լինենք՝ ներկա իրավիճակը տանում է նրան, որ մեր տարածաշրջանը ոչ հեռու ապագայում ենթարկվելու է մեծ փոփոխությունների, և մենք հաստատ ականատես ենք լինելու տարածաշրջանի նոր քարտեզի ձևավորմանը՝ ընդհուպ մինչև մեզ նոր հարևանների ի հայտ գալը: Այնպես որ այսօր արդեն այս ամենը կանոնակարգելն ու համապատասխան կերպով ձևակերպելը՝ ռազմավարական թիվ մեկ հրամայականներից է դառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել