BlogNews-ն իր ընթերցողներին պատմել է, որ մեկնարկել է «Երևանն է խոսում» հաղորդաշարի նոր եթերաշրջանը, որը ներկայանում է փոփոխված՝ նոր ձևաչափով։ Առաջին հաղորդման ժամանակ ստեղծագործական թիմը հյուրընկալել էր ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների հարազատներին, երկրորդին՝ այն հերոս զինվորներին, ովքեր վիրավորվել էին ապրիլյան պատերազմի ընթացքում։ Տաղավարում են եղել Շանթ Ղազարյանը, Արման Ավետիսյանը, Թևոս Ավետիսյանը, Մովսես Մովսիսյանը, ՎաԺիկ Համբարյանը,  Սմբատ Ալեքսանյանը։

Մայիսի 8-ին՝ 23-15-ին, «Արմնյուզի» եթերում նրանք կխոսեն իրենց հերոսությունների, սխրագործությունների մասին։ Տաղավարում են եղել նաև Արծրուն Հովհաննիսյանը, Քրիստ Մանարյանը, Շուշան Պետրոսյանը։ «Իրենք ևս պատմում էին տղերքի քաջագործությունների մասին։ Այն, ինչ նրանք արեցին այս ընթացքում, բացառիկ էր։ Այդ հերոս տղաների շնորհիվ է, որ հիմա խաղաղություն է»,- նշեց հաղորդավար Արտակ Վարդանյանը։

Վերջինս նշեց, որ առաջին  թողարկման ժամանակ շատ հուզված էր. «Կարելի էի ասել, ինձ կորցրած եմ վարել այդ թողարումը, քանի որ իմ էմոցիոնալ դաշտը լրիվ խախտված էր։ Երկրորդ  թողարկման ժամանակ ինձ համար ավելի հեշտ էր վերահսկել զգացնմունքներս, քանի որ տաղավարում հերոս տղերքն էին, առաջինում՝ զոհվածների հարազատները»։

Խոսելով առաջին հաղորդման արձագանքների մասին՝ Արտակը նշեց, որ դրանք բավականին մեծ էին։ «Մարդիկ իրենց վիշտը կիսում էին մեզ հետ։ Բոլորն ասում էին, որ բավականին ծանր թողարկում էր, բայց շնորհակալ ենք, որ նման բան եք կազմակերպել։  Այդ օրը գրանցել ենք շատ բարձր վարկանիշ, ինչը շատ ուրախացնող էր մեր թիմի համար,- ասաց հաղորդավարը և հավելեց, որ այս ձևաչափում իրեն շատ ավելի լավ է զգում։ -Հաղորդումը հիմա շատ ավելի լուրջ՝ սոցիալական թեմաներով է։ Շաբաթը մեկ անգամ թողարկվող հաղորդմանը հասցնում ես ավելի լավ պատրաստվել։  Կարելի է ասել՝ իդեալական պայմաններում ենք աշխատել»։

Արտակը հայտնեց, որ առաջիկա թողարկումները կրկին կլինեն պատերազմական թեմաներով, քանի որ պատերազմի հետ կապված շատ թեմաներ կան ամփոփելու և քննարկելու։

     

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել