Ասում են՝ մարդու ամենասիրելի խաղալիքներն ուրիշի զգացմունքներն են և իր սեփական ճակատագիրը: Դու, տարված այդ երկու խաղալիքներով, վերջ դրեցիր մեր երջանկությանը. այդքան բաղձալի, այդքան կարճատև, բայց երբևէ ամենահեքիաթային երջանկությանը… Չէ՞ որ վերջապես գտել էինք իրար… Դու գտել էիր մի աղջկա, ով անվերապահորեն նվիրեց քեզ իրեն, իր սիրտն ու հոգին, ով, չսպասելով ոչնչի, չնայելով ոչ մի տեղ բացի քո կանաչ աչքերից, ձեռքդ բռնած և հույսով լի սրտով ընթանում էր առաջ… Իսկ ես գտել էի քեզ: Իմ համար քո յուրաքանչյուր արած քայլը, ասածդ բառերն ու վարվելակերպն այնքան ճիշտ էին, որ կարծես թվում էր, թե այդպես պետք է ընթանար ամբողջ աշխարհը… Դու այն մարդն էիր, ում համար ես պատրաստ էի թողնել այն ամենը, ինչ ինձ համար թանկ էր… Դու այդ պահին ավելի թանկ էիր… Միգուցե նաև անգին… Միգուցե ուրիշի համար ոչինչ էիր, բայց իմ համար մի աշխարհ էիր, որի գրկում ես ոչնչից չէի վախենում… Իմ աշխարհն էիր… Դու իմն էիր, իսկ ես` քոնը…
Ավաղ, այդ ամենն այլևս անցյալում է, ես էլ չգիտեմ ինչու… Միայն գիտեմ, որ այս ամենից մեզ երկու սփոփանք է մնացել, քեզ` խմիչքը, իսկ ինձ` թուղթն ու գրիչը…
Այս բառերը, որ լուռ-լուռ հանձնում եմ թղթին, կարծես գոռալ են ուզում, գոռալ այնքան ուժեղ, որ դու էլ լսես, որ մտնեն հոգիդ և տակնուվրա անեն այն ամենը, ինչ որ ուզում ես խորտակել գինու բաժակի մեջ…
Գիտե՞ս, ամեն, ամեն առավոտ աչքերս բացելուն պես ինքս ինձ ուժ եմ տալիս, որ այսօր նոր օր է, և պետք չէ ապրել անցյալի հուշերով և դրանց շարունակելի ապագան երազել, սակայն օրվա վերջում, ինչպես և հիմա, ես երեք կետ եմ դնում մեր միջև… Կետեր, որոնք ոչ մի կերպ իմ հոգում, սրտում և մտքում չեն կարող վերածվել վերջակետի… Գիտե՞ս ինչու… Որովհետև սիրում եմ քեզ, սպասում եմ և հավատում, որ սա մի փոքրիկ խաղ է ի վերուստ, որ այն շուտով կավարտվի, որ ես նորից կնայեմ աչքերիդ մեջ, հետո կփակեմ աչքերս և կհագենամ քո մեղմ ու այդքան դաժան համբույրներով…

Հեղինակ՝ Ա.Ա.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել