Օրերս հայտնի դարձավ, որ ԼՂՀ իշխանություները երկու ամսով հետաձգել են սահմանադրական փոփոխությունների գործընթացը` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դեպքերի պատճառով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ-ն ցանկանում էր Հայաստանի օրինակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվե իրականացնել և կառավարման նախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանական համակարգի: Արցախի խորհրդարանական 5 կուսակցությունները՝ 3 այլ կուսակցությունների հետ, մարտի 14-ին դիմել էին նախագահ Բակո Սահակյանին` սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու խնդրանքով: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախագահին պետք է ներկայացվեր մայիսի 1-ին, իսկ մինչև սեպտեմբերի 1-ը պետք է նախագիծն ամբողջությամբ պատրաստ լիներ: Սակայն Արցախում ստեղծված պատերազմական իրավիճակը ստիպեց, որ տվյալ գործընթացը ժամանակավորապես սառեցվի:

Ներկայացնելով խորհրդարանական համակարգի առավելությունները` ԼՂՀ իշխանությունները նշում են, որ Արցախում սահմանադրական փոփոխությունները միտված են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, զսպող մեխանիզմների հստակեցմանը, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռման կատարելագործմանը, ինչպես նաև՝ հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Նշենք, որ ԼՂՀ-ում գործող Սահմանադրությունն ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին (նախատեսվում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կրկին նշանակել նույն օրը): Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է, և ԼՂՀ իշխանությունները ուզում են ցույց տալ, որ իրենց Սահմանադրությունը կոչված է առաջին հերթին ապահովելու մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել