Հավասարակշիռ, սառնասիրտ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչ Դավութօղլուն չդիմացավ Էրդողանին, ու վերջինս նրան հեռացնում է իր ճանապարհից: Դավութօղլուի այսպիսի հեռացումն իշխանությունից ցույց է տալիս, որ Թուրքիայում հայտնվելու է Էրդողանին ավելի հնազանդ և ավելի վերահսկելի վարչապետ: Այսինքն՝ ժամանակն էր ոչ միայն ազատվել Դավութօղլուից, այլ նաև ներքին և արտաքին մի շարք ձախողումները հասցեագրել նրան:
Դավութօղլուի հեռացումը ցույց է տալիս, որ վարչապետի ապարատը, որքան էլ թուրքական օրենսդրությամբ բարձր է նախագահից, Էրդողանի պաշտոնավարման տարիներին դե ֆակտո երկրորդ պաշտոնի դերում է լինելու: Դավութօղլուի հեռացումը նաև ցույց է տալիս, որ անգամ ի պաշտոնե երկրի ղեկավարի ու «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդի պաշտոնը կրող անձն ունակ չէ հակազդել այդ կուսակցության հետ պաշտոնապես որևէ կապ չունեցող, սակայն իրականում այն ամբողջովին վերահսկող Էրդողանին: Ավելի ամուր հիմքեր՝ Էրդողանի իշխանության համար, ավելի ակտիվ ռեպրեսիաներ երկրից ներսում և ավելի ագրեսիվ, նաև անկանխատեսելի արտաքին քաղաքականություն:
Կարծում եմ՝ Թուրքիայում ստեղծված քաղաքական մթնոլորտի պայմաններում ԱԶԿ-ից հեռացված կադրերը՝ Գյուլը, Արընչը, նրանց ակումբին միացող Դավութօղլուն համախմբվելու դեպքում ունակ են մրցունակ քաղաքական կուսակցություն կազմել ու փորձել պայքարել ավտորիտարիզմի բոլոր կանոններով շարժվող Էրդողանի դեմ: Եթե ներսից հնարավոր չէր, կարելի է արտաքին միջոցներով փորձել, իհարկե, եթե վերջիններս նման քաղաքական կամք ու ձգտում ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել