Tert.am-ը գրում է.
Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի: 
 
Այս մասին այսօր «Հանրապետական» կուսակցության գրասենյակում  ՀՀԿ  Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը`տեղեկացնելով, որ ԳՄ-ում քննարկվել է արցախյան  հարցը  և արտաքին քաղաքական հարցերի այն սպեկտորը, որն այսօր քննարկվում է ամբողջ հասարակության կողմից:
Մասնավորապես, ի պատասխան հարցի, թե հասարակության մեջ քննարկվում է, որ մայիսի 9-ին` Շուշիի գրավման օրը, Ադրբեջանը կարո՞ղ է դիմել նոր սադրանքների, Էդուարդ Շարմազանովը,  հիշեցնելով, որ երեկ ԱԺ-ում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որի հետ պատգամավորները  պարզ ու անկաշկանդ զրույց են ունեցել, նկատեց.«Մի բան պարզ է, որ քանի դեռ բանակցությունները չեն սկսվել, քանի դեռ Ադրբեջանն իրականացնում է ցանկացած կուտակումներ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Ես չեմ այն պաշտոնյան, որ  ասեմ` նման   գործողություններ սպասվու՞մ են, թե՞ ոչ:  Ես չեմ կարող այս պահին խոսել Ադրբեջանի ծրագրերի մասին»:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ չնայած սրանք, հայկական կողմերը` ՀՀ-ն ու ԼՂ-ն,  բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:

«Ապրիլյան քառօրյա պատերազմն ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ քաղաքականության արդյունք է, և դրանք ձախողվել են»,-հավելեց ՀՀԿ խոսնակը և հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ամենաբարձր պաշտոնյաները մշտապես խոսել են զենքի ուժով  խնդրի լուծման անթույլատրելիության մասին։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այս պայմաններում հայ հասարակությունը թե՛ ռազմաճակատում և թե՛ դիվանագիտական դաշտում, պետք է  միասնական լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել