Մարդկանց վաճառքը կամ թրաֆիքինգը շարունակում է մնալ մարդկությանը մտահոգող հարցերի թվում: Թրաֆիքինգը (trafficking) բառը նշանակում է ինչ-որ բանի անօրինական վաճառք: Այս երևույթը անվանում են նաև «սպիտակ ստրկություն»: Դասական ստրկության և թրաֆիքինգի մեջ կա մի սկզբունքային տարբերություն. եթե ստրկությունը մի շարք երկրներում ժամանակին այս կամ այն կերպ օրինականացվել է` երբեմն համարվելով նաև լեգալ, ապա թրաֆիքինգն օրենքից դուրս է յուրաքանչյուր պարագայում և համարվում է անլեգալ։

Մոտավոր հաշվարկներով, յուրաքանչյուր տարի թրաֆիքինգի զոհ է դառնում ավելի քան 4 միլիոն մարդ, ցավոք, այս թիվը գնալով աճում է: Թրաֆիքինգն աշխարհում ամենաարագ աճող հանցագործություններից է և հանցագործ աշխարհին բերում է տարեկան 8-10 միլիարդ եկամուտ: Ի դեպ, ՀՀ Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել աշխատանքային թրաֆիքինգի դեպքի բացահայտման մասին: Նշվում է, որ Հայաստանի 11 քաղաքացի աշխատանքային շահագործման է ենթարկվել ՌԴ Մուրմանսկ և Կիրովսկ քաղաքներում։
Միջազգային այս խնդրի դեմ պայքարում են միջազգային կառույցներն ու պետությունները, Հայաստանը ևս մասնակից է այս պայքարին: ՀՀ կառավարությունը սահմանել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը:

Առաջարկվող նախագծի ընդունումը միտված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխմանը, թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում իրավական, կազմակերպչական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի ուղղորդման գործընթացի հստակեցմանն ու կատարելագործմանը: Նախագիծը կնպաստի նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտի օրենսդրության և օրենքների առավել արդյունավետ կիրառմանը ու հիմքեր կստեղծի հասարակության մեջ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց արդյունավետ սոցիալական ինտեգրման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել