Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պաշտոնից հեռանալուն նվիրված ելույթի ընթացքում անդրադարձել է իր և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առկա հակասությունների մասին խոսակցություններին։

Նա խոսել է Էրդողանի հետ իր լավ հարաբերությունների, իրենց համատեղ ուղու մասին:

«Էրդողանի պատիվն իմ պատիվն է, նրա ընտանիքի պատիվը՝ իմ ընտանիքի պատիվը»,-հայտարարել է Դավութօղլուն՝ նշելով, որ ինքը երբեք Էրդողանի հասցեին բացասական որևէ խոսք չի ասի։

Դավութօղլուն քիչ առաջ հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարին կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրելու. ըստ այդմ՝  հեռանալու է նաև վարչապետի պաշտոնից։

Ավելի վաղ հաղորդվել էր Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առկա հակասությունների մասին։

Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն անդրադարձել է պաշտոնից Դավութօղլուի հեռանալուն՝ նշելով, որ դա նրա որոշումն էր։ «Պարոն Ահմեթ Դավութօղլուի անձնական որոշումն էր. բարին լինի»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել