Tert.am-ը գրում է.

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը մասնակի բավարարել է լրագրողական երեք կազմակերպությունների դիմումն ընդդեմ՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի: ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի այսօրվա նիստից հետո հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտնեց, որ դիմումը բավական հանգամանալից քննարկվել է։

Հանձնաժողովը, Հարությունյանի խոսքով, եկել է հետևյալ եզրակացության․ «Մեր բոլոր փորձերը այդ տեսանյութից ստանալ պատգամավորի կողմից ոչ վայել արտահայտություն ուղղված լրագրողին, չենք արձանագրել: Ակնհայտ, աներկբա վիրավորական արտահայտություն պատգամավորը չի արել»։

Միևնույն ժամանակ Հարությունյանը նշեց, որ Մհեր Սեդրակյանը խախտել է էթիկայի նորմերը, ապա շեշտեց, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ ինքը շփվում է իր լիազորությունների կատարման ընթացքում:

«Այդ  իսկ պատճառով մենք որոշում ենք կայացրել, որ Մհեր Սեդրակյանը էթիկայի կանոնների 6.1 կետի «ը» ենթակետով պայմանավորված պահանջը՝ այն է, հարգալից  վերաբերմունք այն անձանց հետ, որոնց հետ շփվել է, խախտել է»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես եք վարվել, երբ հանձնաժողովի անդամներից շատերը լսում են հայհոյանքը, մի քանիսը՝ ոչ, Խոսրով Հարությունյանը հակադարձեց․ «Քանի, որ մենք դատարան չենք, մենք արձանագրում ենք այն ինչ արձանագրում ենք»։

Հիշեցնենք, որ «Լրագրողների միավորում», «Մեդիա և իրավունք» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները դիմել էին հանձնաժողովին` քննելու համար Մհեր Սեդրակյանի պահվածքը, ով հայհոյել էր լրագրողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել