ԼՂՀ Ազգային ժողովը քիչ առաջ փակ գաղտնի քվեարկությամբ` 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտոնում հաստատեց Ռուբեն Մելիքյանի թեկնածությունը:

ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին վստահության համար և նշել, որ իր առաջնային գործունեությունն է լինելու միջազգային հարթակներում ներկայացնել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված անմարդկային վայրագությունները:

«Այդ վայրագությունները պետք է դատապարտվեն և համապատասխան գնահատական ստանան միջազգային հանրության կողմից և այդ կապակցությամբ կան բավարար փաստեր որոնց ներկայացման համար ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևողական է լինելու»,- ասել է նորանշանակ օմբուդսմենը և հավելել, որ իր աշխատանքի առանցքն է լինելու նաև շարունակել իր արդեն նախկին պաշտոնակցի աշխատանքն՝ ավելի միջազգայանացնելով ու հանրայնացնելով ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը:

Նշենք, որ Ռուբեն Մելիքյանը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը:

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 25-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն ներկայացրել է իր հրաժարականի մասին առաջին դիմումը, իսկ մայիսի 3-ին, համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, կրկին դիմել է լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմումով:

Նշենք, որ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից վեց տարի ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել