Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:


ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը գործադիր մարմնի նիստում նշեց, որ «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած ծրագրով  նախատեսվում է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտել մինչև 2019 թվականը՝ կատարելով անհրաժեշտ չափի ներդրումներ` ըստ ներդրումային ծրագրի:


««Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը կներկայացնի իրենից բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերևի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար: Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և նրա վերանվանում՝ «Դավիթ Բեկ» հյուրանոցի»,- ներկայացրեց Արման Սահակյանը:


Ըստ նրա՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետ կապված գնորդը կրում է պատասխանատվություն ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընթացիկ տարվա ընթացքում ներդրումները կհասնեն 20 մլն դոլարի: Նախատեսվում է ևս 70 մլն դոլարի ներդրում հյուրանոցային համալիրում: 


«Ես համաձայնվեցի, որ այս հարցը քննարկենք, քանի որ ներդրում է՝ ցանկություն չունեմ խոչընդոտել»,- արձագանքելով ասաց Հովիկ Աբրահամյանը:


Նա նաև հանձնարարեց փաստաթղթերի ձևակերպումների հետ կապված աշխատանքներն ուշադրությամբ շարունակել առաջիկա օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել