Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հարցում ամեն օր բացասական զարգացումներ են հնարավոր։ Այս մասին այսօր «Ժողովրդավարության ազգային պլատֆորմի» նախաձեռնած քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։


Խոսելով պատերազմի ժամանակ ներքաղաքական հարցերից հրաժարվելու մասին՝ Արամ Մանուկյանը նշեց, որ խաղի կանոնները, որոնք ոչ պատերազմական իրավիճակում գործում էին, որոշ ձևափոխումներ պետք է ունենան պատերազմի ժամանակ։

«Ճիշտ չեմ համարում գեներալների ակտիվ գործընթացը, որոնք տնտեսական մենաշնորհների մեջ են, բիզնեսներ են գողանում ու իշխանությունը սա հանդուրժում է։ Ես որ լինեի՝ գեներալների ուսադիրները ցուցադրաբար կպոկեի, Միհրան Պողոսյանին շնորհակալություն չէի հայտնի աշխատանքի համար, երբ որ օֆշորների մեջ է։ Միասնականություն ենք պահանջում, ուրեմն լինում է քաղաքական գործընթացի մի քիչ նահանջ, բայց դա չի նշանակում, որ մենք իշխանությունների շուրջ ենք համախմբվում, մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ, որ զինվորի ոգին բարձրանա։ Սա ամենևին չի նշանակում, որ զոռբայությունները պետք է շարունակվեն։ Ինձ զանգում են այս օրերին սահմանից զինվորներ, խնդրում են լուծել իրենց վարկերի հարցը։ Ես լուծող չեմ, բայց իշխանությունները մի բան պիտի անեն չէ՞։ Էդ մարդիկ մի ամիս է՝ այնտեղ են, մուծումների ժամկետներն անցել են, անորոշություն է»,- նշեց Արամ Մանուկյանը։

Պատգամավորն ասաց, որ պատերազմի ժամանակ քաղաքական ու քաղաքացիական շարժումները պետք է հետքայլ կատարեն, ինչպես, վարվեց ՀԱԿ-ը՝ ի դեմս առաջին նախագահ, «Կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ով քառօրյա պատերազմից հետո հայտարարեց մոբիլիզացիայի մասին։


Արամ Մանուկյանն ասաց, որ իշխանություններին պետք չէ խանգարել, պետք է պաշտոնական առումով աջակցել, բայց դա չի անդրադառնում հանրության ամենօրյա խնդիրներին, հակառակը՝ ավելի խիստ ու պահանջատեր պետք է լինել, որ քաղաքացու մոտ առաջանա վստահություն, հավատ, որն ուղվում է սահմանին։


«Պոռոտախոսությամբ, մեծախոսությամբ, թուրքին հայհոյելով սահման չեն պահում, երկիր չեն պահում։ Ղարաբաղի հարցի լավագույն լուծումը ուժեղ Հայաստանն է, Ղարաբաղը թույլ է այնքան, ինչքան թույլ է Հայաստանը։ Ներսում պիտի լինի սոցիալական հանդարտություն, վստահելիություն, մարդու իրավունքների պաշտպանություն, դրսում՝ բարեկամների, համախոհների աճ։ Ու այս դեպքում կունենանք ուժեղ Հայաստան, կունենանք ուժեղ Հայաստան։ Ղարաբաղի լուծումն այն չէ, որ խորհրդարանում խոսափող են քրտնացնում»,- շեշտեց Արամ Մանուկյանը։

Պատգամավորը նշեց, որ դեռ հույսը չեն կտրել Ընտրական օրենսգրքի «4+4+4» ֆորմատի շարունակության առումով. «Հույս ունենք, որ կշարունակվեն քննարկումները։ Հանդիպումներ ենք ունենում քաղաքական ուժերի հետ, հանդիպումներ են եղել նաև ՄԱԿ-ի փորձագետների հետ, որոնք Հայաստանում են ուսումնասիրելու ընտրական կազմակերպման գործընթացը։ Մենք տրամադրված ենք աշխատանքները շարունակելու։ Միգուցե, լավատես եմ, բայց կարծում եմ, որ իշխանությունները կզգան իրավիճակի լրջությունը, պատերազմի վիճակի հետ է կապված, ներքին կայունությունը»։

Ըստ նրա՝ Ղարաբաղը պետք է հետ կանգնի Սահմանադրական փոփոխություններից։ «Հանրաքվեի քյալլագոզության պատճառով էր այս վիճակը ստեղծել, ոչ խոհեմ քայլ է, որ հիմա էլ Ղարաբաղում էլ Սահմանադրություն փոխենք։ Գերագույն գլխավոր հրամանատարը խաղաղ ժամանակ է պատասխանատու, մյուսը՝ պատերազմի։ Հիմա խնդրում եմ բացատրեք, որ վիճակում ենք մենք, ով է պատասխանատու։ Հիմա նույն բանը բերում, Ղարաբաղի գլխին են կախում։ Սա սթափության, խելքի խնդիր է, այստեղ քթի ծակն ավելի կարևոր է, քան երբեմն զենքի խնդիրը։ Ուժեղ ես այնքան, որքան բարեկամ ունես, միջազգային գործընկերներ ունես։ Թուրքին հայհոյելը, Բաքուն գրավելը դարձել է ամենահերոս կեցվածքը, ամենալավ դրսևորումը։ Բայց եղբայր, այդպես չէ, բերեք կայունության, կանխատեսելիության միջավայր ստեղծենք։ Ո՞վ չգիտեր, որ Ադրբեջանը զենք է հավաքում ու մի օր օգտագործելու է»,- շեշտեց Արամ Մանուկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել