«Շանթ» հեռուստաընկերության եթերում ապրիլի 25-ից մեկնարկել է նոր հեռուստասերիալ՝ «Թաքնված սեր», որը խոստանում է հետաքրքիր և դինամիկ զարգացումներ։ BlogNews-ը զրուցել է սերիալի սցենարի համահեղինակ Նարի Ղազարյանի հետ, ինչպես նաև՝ ներկայացնում է լուսանկարներ նկարահանման հրապարակից:

Նարին նշեց, որ հեռուստանովելը նվիրվածության, դավաճանության, վրեժխնդրության ու մեծ սիրո մասին է։ Պատմության հիմքում 3 եղբայրներ են՝ Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Գնել Ուլիխանյանի և Դավիթ Աղաջանյանի հերոսները, ովքեր, կորցնելով իրենց քրոջը, երդվում են գտնել մեղավորին ու ամեն գնով վրեժխնդիր լինել, սակայն սերն իրար է խառնում նրանց բոլոր ծրագրերը: Թե երկընտրանքի առաջ կանգնած ինչ ճանապարհ կընտրեն և ինչ զարգացումներ կլինեն, հեռուստադիտողները կիմանան հետևելով ընթացքին:

Սցենարի համահեղինակը հայտնեց, որ այս անգամ ևս «Շանթը» միջազգային ձևաչափ է գնել։ «Մարդկանց մի զանգվածի մոտ թյուր կարծիք կա, որ ֆորմատ գնելը ենթադրում է որևէ սերիալի կրկնօրինակում, սակայն այդպես չէ։ Միջազգային հայտնի ֆիլմ արտադրող ընկերության հետ պայմանագրի համաձայն՝ «Շանթը»  գնել է տվյալ հեռուստանովելը նկարահանելու իրավունքը, սակայն հեռուստաընկերության կողմից խնդիր է դրվել պատմությունը հայկականացնել և ներկայացնել նորովի։ Այս ֆիլմի դեպքում էլ ֆորմատը գնել ենք, սակայն հսկայական աշխատանք ենք տարել»,- նշեց սցենարիստը՝ հավելելով, իր հետ սցենարի համահեղինակ է նաև Անի Հայկազյանը։

Հեռուստաընկերությունից հայտնեցին, որ «Թաքնված սեր»-ն արդեն իսկ բարձր վարկանիշ ունի՝ որպես  նոր սկսված սերիալ:

Ֆիլմում խաղում են նաև Նելլի Խերանյանը, Դավիթ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Սոֆյա Պողոսյանը, Գայանե Բալյանը, Մարիամ Ադամյանը, Մուրադ Նադիրյանը, Սուրեն Թումասյանը, Ասյա Հովհաննիսյանը, Աշոտ Հակոբյանը և այլք։ Տևական դադարից հետո իր դերասանական կարիերային կվերադառնա նաև դերասան Աբել Աբելյանի կինը՝ Օլյա Հակոբյանը։ Սցենարիստը նշեց, որ երկրորդական կերպարների համար ևս ընտրել են պրոֆեսիոնալ դերասանների։

Դիտարկմանը, որ «Շանթի» գրեթե բոլոր նախագծերում հիմնական դերասանները կրկնվում են, Նարին ասաց, որ այս հեռուստասերիալում նորովի են ներկայանալու։ «Օրինակ Աշոտ Տեր Մաթևոսյանին կտեսնենք ավելի էմոցիոնալ տեսարաններում։ Մյուս հերոսների հետ կապված էլ շատ հետաքրքիր ընտրություն է արվել. դերասաններն իրենց ցույց կտան նոր կողմից։ Կան դերասաններ, ովքեր կրկնվում են, սակայն նրանք աչքի են ընկնում դերասանական լավ խաղով»,- եզրափակեց Նարին։

               

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել