Tert.am-ը գրում է.

2010թ.-ից տարածաշրջանում սպառազինության գերկենտրոնացում կա՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու պայմանագրի իրականացման հետևանքով: Tert.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:


Նա հիշեցրեց, որ Ռուսաստանն Ադրբեջանին 5 միլիարդի զենք է վաճառել, որից 1 միլիարդը հարձակողական տեսակի: «Միաժամանակ, անցյալ տարի Հայաստանի խորհրդարանը վավերացրեց համաձայնագիր՝ Ռուսաստանից վարկով 200 միլիոն դոլարի զենք գնելու մասին, որը մինչ օրս Հայաստան մուտք չի գործել: Եվ սա այն պարագայում, երբ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որոնցից ԱՄՆ-ն ու Ֆրանսիան իրենց ղեկավարության որոշման համաձայն հրաժարվել են կողմերից որևէ մեկին զենք վաճառել»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:


Փորձագետն անհիմն, անտրամաբանական որակեց ռուսական կողմից հնչող մեկնաբանությունները, թե զենքի վաճառքը գործարք է, բիզնես: Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի համար սպառազինության երկրորդ մեծ մատակարարն Իսրայելն է, որը, մոտավորապես, ապրիլի 7-ից 8-ի միջակայքում մեծացրել է մատակարարման ծավալները՝ երկու մեքենա ուղարկելով Ադրբեջան:


«Ադրբեջանի ու Հայաստանի միջև զենքի դիսբալանսը տարիներ շարունակ մեծանում էր, ինչն արտահայտվեց քառօրյա պատերազմի ժամանակ: Կարևորն այն է, որ ինքը՝ հակամարտությունը, որպես այդպիսին, դրա գոյությունը ձեռնտու էր Ռուսաստանին:


Հիմա Ռուսաստանն ուզում է Ղարաբաղի ստատուս-քվոյի այնպիսի փոփոխություն, որ ունենա ավելի շատ, քան այսօր: Բանակցությունները փակուղում էին: Բանակցությունների սեղանին դրված էին առաջարկներ, որոնք, ինչպես պաշտոնապես հայտարարել էին ՀՀ իշխանությունները, ընդունելի էին մեզ համար, իսկ Ադրբեջանի համար՝ ոչ: Եթե Ադրբեջանն ու Հայաստանը ընդունենք, որ անգամ համաձայնեին, դա միայն տեսլական էր: Խաղաղության մեծ պայմանագրի մշակման համար պետք էին ավելի կոնկրետ դրույթներ, ոչ թե սկզբունքներ»,- նշեց Շահնազարյանը:


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, Դավիթ Շահնազարյանի խոսքով, որը մշակել էր հակամարտության վերահսկման մեխանիզմներ՝ շփման գծում հետաքննության սարքերի տեղադրման շնորհիվ, հետապնդում էր մեկ նպատակ՝ արագացնել հակամարտության կարգավորման գործընթացը:


«Ռուսաստանը կարծես առանձին առաջարկներ ունի: Լավրովը մի քանի անգամ հարցազրույց տվեց, ՌԴ նախագահի խոսնակն ավելի կոշտ հայտարարություններ արեց, ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Զախարովան, ևս խոստովանեց, որ Լավրովը դատարկաձեռն չի գալիս Երևան, ապա, մինչ այդ՝ մարտի 31-ին, ասաց, որ ՄԽ համանախագահների միջև կա տարակարծություն: Սրա մասին առաջին անգամ հրապարակային խոսվեց: Ռուսաստանը հանդես է գալիս Մինսկի խմբի ձևաչափի դեմ, իսկ Ադրբեջանը դա հրապարակային սատարում է, նույնը անում է Թուրքիան»,- նշեց Շահնազարյանը:


Վերջինս հավաստիացրեց, որ Ռուսաստանը հակամարտությունը սրացնելով ուզում էր հասնել նրան, որ «Արևմուտքն անձամբ խնդրի կարգ ու կանոն հաստատել տարածաշրջանում»:


«Հարձակումը Բայդենի հետ հեռախոսազրույցից մի քանի ժամ հետո է եղել: Ռուսաստանն ուզում էր խառնաշփոթ ստեղծել, Պուտինն ուզում էր, որ Օբաման զանգի իրեն ու ասի՝ Վովա, մենք չենք կարողանում կարգ ու կանոն հաստատել»,- մանրամասնեց Դավիթ Շահնազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել