Մայիսի 3-ին՝ ժամը 18:00-ին, Leo 52 ակումբում տեղի ունեցավ նկարիչ Ալեքսանդր Մկրտչյանի երևանյան թեմայով գեղանկարների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: «Զինվորի կողքին» ակցիայի շրջանակներում ներկայացվեցին դեռևս չցուցադրված կտավներ, որոնց վաճառքից գոյացած հասույթի կեսը կուղղվի Արցախյան 4-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հրաչյա Մուրադյանի ընտանիքին:

Միջոցառման հատուկ հյուրը «The Band» ակուստիկ քառյակն էր և երգչուհի Կարինե Առուստամյանը: Նախագիծը կազամակերպել էին Անի Ջուլհակյանը, նկարչի դուստր՝Իննա Մկրտչյանը և նրա մյուս ընկերները:

«Ես նկարում եմ Երևանի իմ սիրելի վայրերը, այն վայրերը, որոնք առաջին հայացքից ծանոթ կթվան դիտողներին: Հինգ տարում եմ ավարտել այս աշխատանքները, առաջին անգամ է ցուցադրվում և բարեգործական նպատակ ունի: Չնայած մեկ օր է ցուցադրվելու, բայց գուցե հետո այլ պատկերասրահներում ևս ցուցադրվեն»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Ալեքսանդր Մկրտչյանը:

Միջոցառման բացման խոսքը վստահված է հաղորդավար Ժակին, ով նշեց որ գնելով նկար կարող են օգնել հերոս Հրաչյա Մուրադյանի ընտանիքին, որն իր կյանքը զոհեց իր վիրավոր ընկերոջը փրկելիս: Ցուցադրված կտավներից մի քանիսն արդեն գնված են»:

Նշենք, որ կտավները գնելու համար կարող եք այցելել Ալեքսանդր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջ:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել