Tert.am-ը գրում է.

Ղարաբաղի ճանաչումը Հայաստանի Հանրապետության կողմից բոլորովին այլ հարթակ տեղափոխի ԼՂ հակամարտությունը. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Այս քայլով բանակցային գործընթացում նոր բան, չեմ կարծում, որ կմտցվի։ ԼՂՀ ճանաչումը ՀՀ-ի կողմից կամ միացումը ՀՀ-ին Ադրբեջանի համար բացում է բացարձակապես այլ դուռ»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, թե Հայաստանը կարող է միայն այն դեպքում օգտագործել ԼՂՀ ճանաչման գործոնը, երբ կտեսնի, որ այլ տարբերակ չի մնում:

«Ադրբեջանն այս դեպքում կարող է ունենալ լեգիտիմ իրավունք՝ բանակցային գործընթացից դուրս գալու։ Մինսկի համանախագահների խումբը զրկվելու է կարգավորման հիմնական մանդատից, այսինքն` կարգավորման հարցից, և համապատասխանորեն լինելու է հարց՝ իսկ ո՞ր ֆորմատով կարող ենք գործը շարունակել: Ճանաչումը կնշանակի, որ ԼՂՀ-ն անցնում է բացարձակապես այլ կարգի պետությունների շարք, մասամբ ճանաչված պետությունների շարք: Ստանում է որոշակի միջազգային իրավասուբյեկտայնության աստիճան, բայց պարզ է, որ այդ իրավասուբյեկտայնությունը սահմանափակվելու է, ամենայն հավանականությամբ՝ ՀՀ-ի կողմից, նաև՝ Աբխազիան, Օսեթիան, եթե իհարկե լինելու է: Բոլոր դեպքերում, այս ամենը ընդամենը նշանակելու է, որ Հայաստանը չի տեսել հնարավորություն գործընթացը շարունակելու համար»,-ասաց նա և հիշեցրեց, որ Հայաստանը բանակցային գործընթացը դիտարկել է միակ լուծում:

Հարցին, թե դա չի ենթադրո՞ւմ, որ մնում է մեկ տարբերակ՝ պատերազմ, Մարգարովը պատասխանեց, թե դա իհարկե թույլ չի տա պատերազմից խուսափել: Ըստ նրա, շփման գծում ավելի մեծ մարտական ուժ է կուտակվել, ինչը հայտնի է:

«Արդյո՞ք նրանք մայիսի 9-ին սկսելու են գործողությունները։ Դժվար թե։ Կարելի է ասել, որ հաշվարկի խնդիր է՝ սկսել և ևս մեկ անգամ մայիսի 9-ին ունենալ պարտության. դժվար թե դա մտնում է ադրբեջանական պլանների մեջ մտնել: Նրանք պետք է վստահ լինեն, որ կարող են հասնել որոշակի հաջողության, իսկ դա ոչ ոք չի կարող երաշխավորել, այդ թվում՝ նաև քառօրյա պատերազմի փորձը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել