Այսօր մամուլի ազատության օրն է։ Շնորհավորելով գործընկերներիս՝ ցանկանում եմ խոսել մի թեմայի մասին, որը, կարծես թե, այնքան էլ հաճախ չի քննարկվում մասնագիտական շրջանակներում։
Մենք հաճախ ենք խոսում ԶԼՄ-ների հանրային պատասխանատվության մասին՝ վերագրելով վերջիններիս «չորրորդ իշխանությունից» սկսած մինչև «պահապան շան» կարևոր գործառույթը։ Իսկ երբևէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ի՞նչ պատասխանատվություն պետք է իր կողմից ստանձնի հանրությունը։ Ի վերջո, ոչինչ միակողմանիորեն չի կարող երկար շարունակվել։
Կարևոր հարցերից մեկը, որ պետք է լսարանը տա ինքն իրեն՝ ի՞նչ եմ ես պատրաստ «զոհել», որպեսզի ունենանք իսկապես հանրային բարձր պատասխանատվությամբ լրատվամիջոց։ Պատասխանը մեր իրականությունում, ցավոք, գրեթե միշտ նույնն է՝ ոչինչ։ Եվ խնդիրն ամենևին էլ ֆինանսով չի պայմանավորված, այլ, ավելի շուտ, ԶԼՄ-ների դերի ու գործառույթի արժևորմամբ։ Կարող եք առարկել, որ թող ԶԼՄ-ն դառնա պատասխանատու, ապահովի իր գործառույթները, հետո մենք էլ մեր անելիքները կանենք։ Բայց այս դեպքում էլի հայտնվում ենք հավի ու ձվի փակ «կախարդական» շրջանում։
Արտասահմանյան բազմաթիվ օնլայն ԶԼՄ-ներում, օրինակ, գործում է հետևյալ մեխանիզմը. եթե ընթերցողը հավանել է հոդվածը, կարող է որոշակի գումար նվիրաբերել հեղինակին։ Նման պրակտիկայի փորձ նկատվեց նաև մեր դաշտում, սակայն չաշխատեց։ Ոչ այն պատճառով, որ գերմանացու համար սեփական 3 եվրո գումարն ավելի քիչ արժեք ունի, քան 200դր-ը՝ մեզ համար։ Մտածելակերպի խնդիր է։ Եթե մենք՝ որպես ընթերցող, արժանի լինենք ունենալու իսկապես պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ, մենք կձգտենք ու կհասնենք դրան։ Ճիշտ նույն սկզբունքով մենք կարող էինք ունենալ նաև քաղաքակիրթ տրանսպորտ, բարեկարգ փողոցներ, թափանցիկ կառավարման համակարգ և այլն, և այլն։
Եկեք բոլորս՝ որպես մեդիա սպառողներ, որոշակի պատասխանատվություն զգանք ԶԼՄ-ների առջև ու հետևողական լինենք վերջիններիս կատարելագորման հարցում՝ մաքրելով դաշտը տարատեսակ թափթփուկներից։ Գնահատենք մեր ամեն մի քլիքն ու լայքը, որոնց հաշվին գոյատևում են բազմաթիվ լրատվատզրուկներ։ Եվ ուժերի ներածին չափով նպաստենք այն շատ քիչ ԶԼՄ-ներին, որոնք իսկապես ցանկանում են և կարող են սահմանել հանրային պատասխանատվության բարձր նշաձող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել