Մեկ ամիս առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները հայ հասարակությանը ստիպեցին ապրել այլ իրողության մեջ: Արդեն մեկ ամիս է, ինչ դեպքերի ու երևույթների մասին խոսելիս ժամանակը բաժանվում է մինչև ապրիլ, կամ ապրիլից հետո…

Դեպքերը նկարագրելիս ոմանք գործածում են «քառօրյա», «հնգօրյա» պատերազմ արտահայտությունները, մինչդեռ պատերազմական գործողությունները, իմ կարծիքով, մինչ օրս շարունակվում են: Դրա մասին վկայում են ԼՂՀ և ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները, հրադարարի ռեժիմի խախտումները, զոհերն ու վիրավորները:

Վերջին 20-25 տարիների ընթացքում հակառակորդը՝ Ադրբեջան պետությունն ու իր ռազմաքաղաքական ղեկավարությունը, հայ հասարակությանը ներկայացվել է որպես թույլ, անճար, իրենից ոչինչ չներկայացնող զանգված: Ընդունված է ադրբեջանցիներին համեմատել տարբեր կենդանիների հետ, պիտակավորումներ տալը, ինչը, ըստ էության, ներկայիս իրավիճակին չի համապատասխանում: Նմանօրինակ քայլերը ոչ ակնհայտ ձևով թուլացվում է հասարակության զգոնությունը՝ ստեղծելով արհեստական «ռելաքս» վիճակ, ինչը տվյալ իրավիճակում այդքան էլ ձեռնտու չէ մեր պետական շահերին:

Ոչ մի պարագայում չի կարելի թերագնահատել հակառակորդին, որքան էլ նա լինի կամազուրկ, ստոր ու վախկոտ: Մշտական զգոնությունը, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելն ու հասարակական-քաղաքական ադեկվատ արձագանքը կարևորագույն հանգամանք է ներպետական կայունության համար:

Թշնամու հարցում անկասկած մեր բախտը չի բերել, կարող ենք նրանց բնութագրող հազարավոր ծաղրանկարներ ու կոլաժներ պատրաստել, բայց դրանք, ի վերջո, չենք կարող դառնալ պայքարի հիմնական միջոց: Բոլոր դեպքերում հարկավոր է սառը դատել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել