Tert.am-ը գրում է.
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ նշեց, որ «Եվրամիությունը շատ է ուզում մեծ համագործակցություն ունենալ Հայաստանի Հանրապետության  հետ, սակայն ՀՀ-ն ինքը պետք է որոշի, թե որքան և ինչ խորությամբ է ուզում առաջ գնալ»:

Ֆրանկ Էնգելը նշեց, որ ինքն ավելի շատ կգերադասեր, որ Հայաստանի հետ ստորագրվեր Ասոցացման ամբողջական համաձայնագիր և համոզված է, որ հայերի մեծամասնությունն էլ դրան կողմ կլիներ: Ամեն դեպքում նա գտնում է, որ տվյալ պարագայում պետք է ընդունենք այն, ինչ արդեն ունենք և պետք է ամբողջ հարցերին նայել՝ ընդունելով այդ ամենը որպես ելակետ:

Անդրադառնալով շրջանակային համաձայնագրին՝ նա ասաց. «Պետք է Հայաստանը և Եվրամիությունը ամեն ինչ անեն, որպեսզի գոյություն ունեցող գործիքից  ամբողջությամբ դրական արդյունք ստանան և միասին շարժվեն դեպի ամբողջական համաձայնագրի ստորագրում: Այսօր իրադրությունը և իրերի դասավորությունը շատ է փոխվել, քանի որ մենք չունենք այն, ինչ պլանավորում էինք ունենալ»:

ԵԽ պատգամավորը գտնում է, որ շրջանակային համաձայնագիրը մոտ է եզրահանգման փուլին, թեև հիշեցրեց, որ դա կլինի ընդամենը քաղաքական շրջանակային համագործակցություն, այլ ոչ թե տնտեսական, քանի որ այս պահին Հայաստանի տնտեսական մասը ԵՏՄ-ին է պատկանում: «Եթե Հայաստանի Հանրապետությունը որոշի այն ստորագրել, ուրեմն կհասնենք դրան, իսկ եթե ոչ, ուրեմն՝ ոչ»,- ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումներին և հարցին, թե արդյոք Եվրոպան երբեմն աչք չի փակում դրանց վրա՝ ելնելով որոշ շահադիտական նկատառումներից՝ Ֆրանկ Էնգելը նշեց. «Ոչ, մենք տպավորված չենք այն հարստությամբ, որը ցուցադրվում է Եվրոպային»։ Ապա նշեց, թե հարստությունից ավելի խոսուն փաստ է այն, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են կարծիք հայտնել, միանգամից հայտնվում են բանտում:

«Այնպես չէ, որ մենք չենք ցանկանում տեսնել մարդու իրավունքների խախտումները, մենք դրանք շատ լավ տեսնում ենք: Եվրանեսթից Ադրբեջանը դուրս մնաց, քանի որ եվրախորհրդարանը կարողացավ հստակ օրենք մտցնել հենց մարդու իրավունքների խախտման մասով»,- ասաց նա և վստահեցրեց, որ իրենք տեսնում են այն բոլոր իրավախախտումները, որոնք տեղի են ունենում մարդու իրավունքների ոլորտում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել