Tert.am-ը գրում է.
Tert.am-ի թղթակիցը այսօր առավոտյան շրջայց է կատարել Երևանի «Ֆիրդուսի» տոնավաճառում և զրույցել այնտեղ աշխատող վաճառականների հետ՝ պարզելու, թե վերջիններս ինչպես են վերաբերվում Հայաստան ներկրվող թուրքական ապրանքների վրա արգելանք դնելու հավանականությանը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ իր գլխավորած նախարարությունը լրջորեն ուսումնասիրում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ամբողջական կամ առնվազն մասնակի ներմուծումը արգելելու հնարավորությունը:

«Ֆիրդուսի» տոնավաճառի առևտրականների շրջանում մեծ աժիոտաժ առաջացավ, երբ վերջիններս լսեցին Էկոնոմիկայի նախարարության վերը նշված նախաձեռնության մասին: Նշենք, որ տոնավաճառի և դրա հարակից խանութների ապրանքների մեծ մասը բերվում է հենց Թուրքիայից:

Շուկայում մանկական հագուստ վաճառող մոտ 50-ամյա մի կին, որը տարին մի քանի անգամ անձամբ է գնում Թուրքիա՝ մեծածախ առևտուր անելու համար, բավական բուռն ընդունեց այս նախաձեռնության մասին լուրը:

«Դա անելուց առաջ պետք է մտածեն մեր մասին: Զօրուգիշեր այստեղ տանջվում ենք և օրվա հացի խնդիրը հազիվ ենք լուծում, եթե այս տանջանքի ձևն էլ չլինի, ապա ի՞նչ եմ անելու: Վեշերս հավաքեմ, երեխաներիս դնեմ թևիս տակ ու գնա՞մ էս երկրից.... Մի բան իմ համար պարզ է՝ մեր երկրում ամեն մեկը իր աթոռի մասին է մտածում ու երկիրը տանում են կործանման: Ուզում են ժողովրդի ծուծքը քամեն մինչև վերջ»,- բարկանալով ասաց կինը:

Մեկ այլ վաճառական՝ 58-ամյա Հովհաննես Մարգարյանը, ով հինգ ամիսը մեկ անգամ Ստամբուլ է գնում՝ հիմնականում տղամարդկանց հագուստ բերելու, ավելի մեղմ տոնայնությամբ արձագանքեց. «Ես ինքս 15 տարի է Թուրքիա գնում-գալիս եմ ... բայց եթե արտադրություն չունենք, մեր ընտանիքները ո՞նց պահենք։ Ուրիշ բան չկա, արտադրություն չկա, ժամանակին աշխատել եմ արտադրությունում, պաշտոն եմ ունեցել, բայց էսօրվա դրությամբ այդ գործարանը փակ է, ի՞նչ անեմ, ընտանիքս սովա՞ծ պահեմ, մենք է՞լ արտագաղթենք, ու երկիրը մնա առանց հայի: Երբ մտնում ես շուկա, ուղղակի աչքդ է ծակում, որ գնորդ չկա, առևտուր չկա. սրա պատճառը պարզ է՝ շատերը Հայաստանից գնացել են, իսկ ովքեր մնացել են, գնողունակ չեն»։

Վերջինիս խոսքերին ի հավելում կողքից նրա գործընկերները բացականչում էին՝ «բա ինչ անե՞նք, գնանք գողությո՞ւն անենք», «ես դեմ եմ, որ թուրքական ապրանք բերեմ, բայց ուրիշ ի՞նչ անեմ»:


Հայաստանյան հասարակական, քաղաքական և փորձագիտական շրջանակներում այս նախաձեռնությունը տարբեր կերպ է ընկալվում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը երեկ Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ արգելանք դնելը պայմանավորված է շփման գծում պատերազմական գործողություններով և ազգային շահից ելնելով՝ դա արդարացված է:

«Ինչու՞ պետք է մեր գումարները թողենք թուրքական ձեռնարկություններին, նրանք դրանից հարկեր մուծեն, զենք արտադրեն, տան Ադրբեջանին, հետո էլ այդ զենքը ուղղեն մեր դեմ»,-ասել էր Մելքումյանը: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում տեսակետ է հատնել, որ Թուրքիա ներթափանցած հայկական գումարը թուրքական կառավարության համար այնքան չնչին է, որ արգելանք դնելու հարց չկա:

«Թուրքիայի ՀՆԱ-ն 2017 թվականին կազմելու է 721 մլրդ ԱՄՆ դոլար: Հիմա, մենք այդ 140 միլիոնով, եթե նույնիսկ 10 տոկոս շահութաբերություն ենք ապահովվում թուրքական ընկերությունների համար, այն կկազմի 14 մլն դոլար, եթե դրանից նույնիսկ շուրջ 30 տոկոսն էլ հարկ վճարեն, ապա այդ ամբողջ գումարներից 5 մլն դոլար թուրքական բյուջե գումար չի մտնում: Հետևաբար, այն վարկածը, որ այդ միջոցների հաշվին Թուրքիան կարող է ֆինանսավորել Ադրբեջանի թեկուզ մի չնչին մասի, որ կարող է կրակել Հայաստանի վրա, սուտ է»,-ասել է տնտեսագետը:


Տիգրան Մեծ 10 հասցեում գտնվող հագուստի խանութի սեփականատեր Գարեգին Գասպարյանն էլ Tert.am-ի զրույցում ասաց, որ չնայած արգելանքը իր աշխատանքը կդժվարացնի, բայց «ազգի համար պատրաստ է այդ զոհողությանը»:

«Գտնում եմ, որ սխալ է արգելելը, բայց քանի որ այս պահին երկիրը պատերազմական իրավիճակում է, ապա պետք է ավելի շատ գնահատել մեր երկիրը։ Այսինքն, եթե վերևներում գտնում են, որ դա ճիշտ է՝ մենք պատրաստ ենք հարմարվել, մենք ճիշտ մտածող մարդկանց կողքին ենք»,-ասաց նա:

Նրա խոսքով, եթե նույն ապրանքը Դուբայից կամ Չինաստանից բերեն, ապա ավելի թանկ կարժենա, և, բացի դա, ժամանակի խնդիր էլ կա: «Եթե Թուրքիայից 4 օրում է ապրանքը հասնում, ապա Դուբայից ծանրոցները բերելը ամիսներ է տևում, ու բերելն էլ անելի թանկ է նստում»,-ասաց Գարեգին Գասպարյանը:

Տիգրան Մեծ 3 հասցեում գտնվող մեկ այլ հագուստի խանութի վաճառողուհի՝ 26-ամյա Ագաթա Հովսեփյանն էլ Tert.am–ին հայտնեց, որ այդ խանութում միայն Թուրքիայից բերված հագուստեղեն է վաճառում:

«Ես անձամբ դեմ եմ, որ այդ արգելանքը գործի, քանի որ այս խանութը կփակվի, հետևաբար ես կմնամ անգործ: Ասեմ, որ եթե թուրքական հագուստը համեմատում ենք չինական ապրանքների հետ, ապա թուրքական հագուստեղենը շատ ավելի լավն է թե՛ որակի, թե՛ գնի, թե՛ ճաշակի առումով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց վաճառողուհին: Վերջինս նշեց, որ իր տնօրենը տարվա մեջ 4 անգամ գնում է Թուրքիա՝ նոր ապրանքատեսականու հետևից:

«Ամառվա նոր տեսականու համար պետք է գնար, սակայն Թուրքիայում տիրող իրավիճակի պատճառով չի գնալու, մի քանի բան կպատվիրենք ու վերջ, քանի որ վաճառքն էլ այդքան մեծ չէ»,- ասաց Ագաթան, ով 5 տարի է աշխատում է այդ խանութում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել