Tert.am-ը գրում է.
Մայիսի 3-ին պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի հետ, որին ներկա էին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Ազգային ժողովի և Ֆինլանդիայի Էդուսկունտայի միջև շփումների խթանման հարցերին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և խորացման կարևոր ձևաչափ։

Հանդիպման օրակարգում էին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Ֆինլանդիայի օրենսդիր մարմինների պատվիրակությունների փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված, մշակութային և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
Մտքեր փոխանակվեցին առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղիների, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։

Հայաստանի արտգործնախարարը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարը դատապարտեց ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը և մարդասիրական իրավունքի խախտումները՝ ընդգծելով, որ իր երկիրը միանշանակ աջակցում է հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել