Tert.am-ը գրում է.

Թուրքական ապրանքների Հայաստան ժամանակավոր ներմուծման արգելքի կոչի վերաբերյալ  տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ու  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը նախ առաջարկում են հաշվարկել դրա տնտեսական հետևանքներն ու  քայլի արդյունավետությանը` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշոտ Խուրշուդյանը նախ նկատեց, որ այդ քայլը բերելու է հանրապետության ներսում սոցիալական խնդրի:

«Թուրքիայի հետ առևտուր անողները չադապտացվող խավն են, 20 տարի է` նույն բանն են անում, և ակնհայտ է, որ հիմա խնդիրներ կունենան նրանք, չեն իմանա` ինչ անել: Այնպես որ,   դա թեկուզ փոքր, բայց էական խնդիր կառաջացնի»,-ասաց տնտեսագետը:

Մյուս կողմից, ըստ նրա, գնահատման գոյություն չունեցող գյուղատնտեսական քաղաքականության պայմաններում այդ արգելքը մեզ ոչ մի բան չի տալու տեղական արտադրանքի խթանման առումով:

«Օրենք ունենք, որտեղ գրված է մի գեղեցիկ հեքիաթ, որն իրականացնելու համար պետք է գյուղատնտեսական քաղաքականություն, որը չունենք, բառիս բուն իմաստով չունենք»,-ասաց տնտեսագետը և հավելեց, որ այսօր իրականցվող քաղաքականությունը բերել է նրան, որ  Արմավիրը զարգանում է, մնացած մարզերը` ոչ:

Խնդիրը դիտարկելով արտաքին քաղաքական տեսանկյունից` ցանկացած քայլ պետք է պարունակի քաղաքական ուղերձ և արտաքին դիվանագիտական առումով, ինչ ուղերձ ենք տալիս։ Եթե Թուրքիան ոչինչ չանի, ապա կստացվի, որ անհաջող դիվանագիտություն էր, անհաջող դիվանագիտական ուղերձ, եթե արձագանքի, ապա , այո, կան ռիսկեր»,-նկատեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանակին մեկ այլ առիթով հայտարարել էր, որ Թուրքիայում անօրինական կերպով բնակվում է շուրջ 100 հազար հայ, որոնց, եթե ցանկանան, կարտաքսեն երկրից նույն օրը:  

«Էրդողանի թիվն ուռճացված է, բայց  հայեր կան, այնքան, որ այնտեղ բնկավող հայերի երեխաների կրթության հարց է դրված»,-ավելացրեց տնտեսագետը։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որը չակերտավոր հայրենասիրություն է համարում նման կոչերը, համաձայն չէ նաև այս փաստարկի հետ:

«Ինձ համար անընդունելի է, եթե խնդիր կա, օրենքի սահմաններում լուծեք, «մուննաթ»  գալ, վախեցնել, ցանկացած կողմից անընդունելի է, անկախ նրանից, թե ով կանի։ Նույն պատմությունը ՌԴ-ում էր,  ոչ մեկը չշահեց, ի վերջո, տուժեցին գնորդները, որ չգնաց հանգստանալու. ինֆլացիան հասավ մինչև 17 տոկոսի»,-ասաց Վագահն Խաչատրյանն ու հարց տվեց` մեր պետությունը պատրա՞ստ է  գնալ այդ քայլին:

Հիշեցնենք, որ  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով թուրքական ապրանքների Հայաստան ժամանակավոր ներմուծման արգելքի կոչին, նշել էր, որ նման հայտարարությունները նոր բան չեն  առանձին ակտիվիստների ու քաղաքական ուժերի հրապարակային հայտարարությունների կողմից,   սակայն  գաղափարը որպես կոնկրետ պետական քաղաքականության տարր  ներդնելուն կամ դրա փորձերին, ապա սա արդեն նոր բան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել