Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի կողմից կիրառված զինատեսակների մասին մի դատեք youtube-յան գովազդներից: Պատասխանելով հարցին՝ ի՞նչ հակաքայլեր է ձեռնարկում հայկական զինուժը ադրբեջանական «Սոնցեպյոկ», «Սմերչ» լայն շառավղով զենքերի կիրառությանը, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Նա չհամաձայնեց գնահատականների հետ, որ այդ զինատեսակները սահմռկեցուցիչ են՝ նշելով, որ չկա ոչ սահմռկեցուցիչ զենք:

«Եթե ինչ-որ զինատեսակ youtube-ում ավելի շատ «լայք» է հավաքել գովազդի հաշվին, չի նշանակում, որ ավելի լավն է, քան մեկ ուրիշ զենքը: Եթե «Գրադ» կայանը երկու կողմերը 25 տարի է կիրառում են, սովորական են դարձել, չի նշանակում, որ քիչ սահմռկեցուցիչ է, քան «Սմերչ»-ը: Վերջ տվեք այդ «ատոմային ռումբից հինգ պակաս» հասկացություններին, դրանք youtube-յան գովազդների տպավորություններ են ու զինվորականների մոտ ծիծաղ են առաջացնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:


Դիտարկմանը, թե Հայաստանում 80-ականների զենքեր են, ինչպես հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսնակը հակադարձեց. «Աշխարհի լավագույն զենքերը դեռ 80-ականների զենքերն են… Բացարձակ զենք գոյություն չունի, ամեն զենք ունի իր պայքարի մեթոդները, մարտավարական հնարքները, ամեն զենք առաջին անգամ կիրառելուց մի անակնկալ էֆեկտ ունի: Էդ անուններ դիտմամբ չեմ տալիս, ես չեմ ասելու՝ որ զենքի դիմաց ոնց ենք պայքարում: Ամեն ինչի դեմ կա միջոց: Ռազմագիտական միտք կա, պլանավորում: 14 ԱԹՍ ենք խոցել, նշանակում է, որ գիտենք ձևերը, գիտենք մեթոդները, հո ամեն ինչ չե՞նք ասելու»:

Ըստ նրա՝ պայքարն ամենօրյա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել