Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ կայացավ Մկրտիչ Արզումանյանի և Հովհաննես Ազոյանի «Պլյուս մինուս» շոու ներկայացումը, որտեղ «պլյուսը» Հովոն է, և, ինչպես Մկոն է նշում, հենց դա է ներկայացման ամենամեծ «մինուսը»։)

Շոու ներկայացման պրեմիերային ներկա էին շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը, առաջին շարքում նստած էին քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինվորները։ Հանդիսատեսը նրանց ողջունեց հոտնկայս ծափահարություններով։

Ներկայացումից հետո BlogNews-ի հետ զրույցում Մկրտիչը նշեց, որ առաջին հանդիսատեսն ավելի պահանջկոտ է, քանի որ բոլորը ոլորտի ներկայացուցիչներ են, ովքեր բազմաթիվ նախագծեր են արել և շատ դժվար են գոհանում։ «Ես արդեն ունեմ նոր առաջարկներ, որոնք կանեմ ընդհանուր ժողովի ժամանակ։ Հանդիսատեսի արձագանքը միշտ ազդում է ներկայացման հետագա ընթացքի վրա»,- ասաց դերասանը։

Հովհաննես Ազոյանը, ով ներկայացման ժամանակ անում էր Սերժ Սարգսյանի,  Գագիկ Ծառուկյանի պարոդիան, նկատեց, որ ներկայացման ժամանակ կա և՛ կենցաղային, և՛ քաղաքական, և՛ սոցիալական հումոր. «Մի խոսքով՝ ներկայացված է մեր կյանքի իրականությունը»։

Հանդիսատեսի արձագանքն առավել բուռն էր հենց քաղաքական և սոցիալական հումորների ժամանակ։ «Մի քիչ համարձակություն կա մեր շոու ծրագրում, սակայն իմ  կարծիքով՝ ցենզուրա մտցնելու կարիք չկա։ Առողջ հումոր է, որը, կարծում եմ, առողջ կընդունվի»,- ասաց Մկրտիչը։

Նախագծի պրոդյուսեր Արման Միտոյանն էլ նշեց, որ 2 տարի առաջ, երբ սկսել են ներկայացման աշխատանքները, մենք այլ իրականության մեջ էինք. «Այսօր, առավելապես վերջին ամիսներին, մեր իրականության մեջ շատ բան փոխվեց, ինչն իր ազդեցություն ունեցավ նաև ներկայացման սցենարի վրա։ Կարծում եմ՝ ստացվել է, որ այսօրվա իրականության համար առավել հետաքրքիր լինի»։

Ռեժիսոր Կարո Բալյանն էլ խոստացավ, որ հանդիսատեսը դերասաններին նորովի կտեսնի. «Եթե դերասանները նորովի չեն ներկայանալու հերթական նախագծում, իմաստ չունի նոր նախագիծ անել»։

Երեկոն վարում էր Գրիշա Աղախանյանը, ներկայացմանը մասնակցություն ուներ դերասանուհի Էվա Խաչատրյանը։ Հովհաննեսը կատակեց, թե ինքը ներկայացման «պլյուսն» է, Էվան՝ «մինուսը»։) Իր հերթին Էվան շնորհակալություն հայտնեց գործընկերներին. «Շնորհակալ եմ իմ բոլոր «չէ»-երը, «ծիկ»-երն ու ցանկություններն ընկալելու և ընդունելու, ինձ հետ հեշտ աշխատելու և ընդհանուր հայտարարիկ գալու համար»։

Ստեղծագործական անձնակազմը նախատեսում է ներկայացումը խաղալ նաև արտերկրում։ Ինչ վերաբերում է  հեռուստատեսությամբ ցուցադրելուն՝ նրանք նշեցին, որ առաջիկա 2 տարիներին այն չի լինի հեռուստատեսությունում, բայցի այդ, այսպիսի ներկայացումները շատ ավելի ազդեցիկ են դահլիճում դիտելու դեպքում։

                     

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել