Մեզ մոտ ամենաթողության ու բարոյազրկության չափն այնքան են անցնում, որ անգամ նորելուկ մեծաբերանները փորձում են հասարակական կարծիք ստեղծել` ավերելով մարդկային հիշողությունը, լեզու թափ տալով բոլոր սրբությունների վրա՝ այդ թվում՝ 80-90-ականների մեր ազատամարտի։ Այսպիսիների համար այսօր բացարձակ արժեք չէ՝ ինչ էր նշանակում դեռևս Խորհրդային ամենազոր իշխանության պայմաններում կապ հաստատել գոյատևման պայքարի կանգնած Արցախին ու հարակից հայաբնակ շրջաններին, նրանց արտադրած մթերքը հասցնել շուկաներ և հետադարձ ուղերթներով դեղամիջոցներ , և ուրիշ ծայրահեղ անհրաժեշտության պարագաներ ու «սարքավորումներ» հասցնելը շրջափակված ու ոչնչացվող հայաբնակ կղզյակներ։ Հազարապատիկ ցավալի է, որ հենց այսօր՝ երբ մեր երիտասարդության մեջ ինքնապաշտպանության, հերոսության այսպիսի ակնհայտ բռնկում է արձանագրվում, փորձում են անջրպետ ստեղծել 88-90 ականների և այսօրվա մեր ազգային վերելքի միջև։ Հերմինե Նաղդալյանի գործունեությանն ու կենսագրությանն ուղղված վարկաբեկումներն այսօր իսկապես հիվանդագին տենդի են նմանվում: Մեղադրում են բոլորին, անգամ օտար երկրներին՝ որոնք համարձակվել են նրա գործունեությունը գնահատել:
Շատացել են ձրիակերները, որոնք գրասենյակային առնետների նախանձելի պարտաճանաչությամբ կեղծ կոմպրոմատներ են թխում իրենց չեղած ու չիմացած ժամանակների շուրջ։ Որտեղից էլ նրանց այդքան ժամանակ ու միջոցներ՝ անսահմանափակ չարությամբ աղավաղելու մարդկանց կենսագրությունն ու պատմությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել