Tert.am-ը գրում է.

Որևէ մեկը Ղարաբաղի ժողովրդի փոխարեն իրավունք չունի որոշելու՝ որ տարածքներն է հետ տալիս և երբ: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարություններին՝ ԼՂ հարակից հինգ շրջանների վերադարձման մասին: 

«Անկախ նրանից՝ պաշտոնյա՞ է, թե՞ ոչ, որևէ մեկը Ղարաբաղի ժողովրդի փոխարեն նման հայտարարություններ անելու իրավունք չունի: Այդ տարածքները ԼՂ Սահմանադրությամբ են ամրագրված: Այնպես որ, առհասարակ, որևէ մեկը չպետք է խոսի տարածքների մասին»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ Ղարաբաղում թե՛ շարքային մարդիկ, թե՛ իշխանությունները չեն էլ շոշափում այս հարցի քննարկումը: 

«Դրանք տարածքներ չեն, դա հայրենիք է մեզ համար: Ո՞վ կարող է վճիռ կայացնել, որ մենք մեր հայրենիքը տանք: Սա մեր ճակատագիրն է: Այս հարցը մեզ է վերաբերում: Նույնիսկ ՀՀ իշխանությունները չեն կարող մեր փոխարեն որոշում կայացնել: Առավել ևս, երբ Ադրբեջանը լսել անգամ չի ուզում Ղարաբաղի կարգավիճակի մասին: Որքան ես հասկանում եմ, սա բոլոր հայերի կարծիքն է»,- նշեց Բաղրյանը:

Ինչ վերաբերում է Հերմինե Նաղդալյանի հրաժարականի պահանջներին, Վարդգես Բաղրյանն ասաց, որ ինքը չի կարող ասել՝ պատգամավորը միտումնավո՞ր է նման հայտարարություն արել, թե՞ լեզվի սայթաքում է եղել, բայց եթե նման բան չի ասել, կարող է հերքել: 

«Հակամարտություններն ավարտվում են խաղաղության մասին պայմանագրի ստորագրմամբ: Մեր պարագայում ես այս պահին նման զարգացում չեմ տեսնում, որովհետև Ադրբեջանն ունի մաքսիմալիստական նկրտումներ, չի ուզում լսել ԼՂ կարգավիճակի մասին, ասում է՝ տվեք ինձ հինգ շրջանները, նոր նստենք բանակցենք: Հիմա ես՝ որպես ղարաբաղցի, հարց եմ տալիս՝ եթե տանք, դրանից հետո ի՞նչը բանակցենք, էլ ինչի՞ շուրջ բանակցենք: Եթե Ադրբեջանն այսօր էլ պատերազմ է հայտարարում, հարձակվում է Ղարաբաղի վրա, բա ի՞նչ է անելու, երբ տարածքները տանք: Այդ ժամանակ իրենց դիրքերը հարձակման համար ավելի բարենպաստ են լինելու: Իրենց ոչինչ հետ չի պահի, որ պատերազմը շարունակեն: Մեզ համար անկյունաքարային է ԼՂ կարգավիճակը, որ Ղարաբաղը միջազգայնորեն անկախ ճանաչվի, դառնա բանակցային կողմ, որոշի իր ժողովրդի ճակատագիրը: Հիմա Ադրբեջանը պատրաստ չէ սրան»,- ասաց Վարդգես Բաղրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել