Արցախցի ռեփերը նոր տեսահոլովակ է նկարահանել, որտեղ օգտագործել է նաև արցախյան բարբառը:

Ռեփեր Սպարտակ Հովսեփյանը, ով երաժշտության ասպարեզում հանդես է գալիս «B58» անվանմամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նոր տեսահոլովակը կոչվում է «Երդում»:

«Երգս նվիրում եմ բոլոր այն քաջորդիներին, ովքեր այսօր կանգնած են դիրքերում ու հսկում են մեր խաղաղ անդորրը: Ազգիս նվիրյալները միշտ էլ եղել, կան ու կլինեն: Նրանք ոչ թե սովորել են հայրենասեր լինել, այլ ծնվել, մեծացել ու դաստիարակվել են այդպիսին:

Փառք ու պատիվ բոլոր նահատակներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հող հայրենին: Խորը ցավ ենք ապրում մեր թանկ կորուստների համար, բայց և հպարտ ենք, որ ունենք նրանց,-նշել է Ս. Հովսեփյանը և հավելել,-ի դեպ, տեսահոլովակում տեղ են գտել պատերազմական տեսարաններից դրվագներ»:

Արցախցի ռեփերի խոսքով, հաշվի առնելով ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցող լարվածությունը, երգի առաջնախաղը չի ներկայացվել: Նրա կարծիքով, թեման արդիական է և շատերին կհետաքրքրի:

Հիշեցնենք, որ Մարտակերտի մասին ռեփերը, «Օրինակ» խմբի հետ, «Յէ Տու» («Արի տուն») վերնագրով տեսահոլովակ էր նկարահանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել