Իրանական դիվանագիտության ճկունության դրսևորումներից
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Իրանը Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության շարունակման կողմնակից է: Այս հայտարարությունը հնչել է Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականի` թուրք-իրանական հարաբերությունների վերախմբագրման անհրաժեշտության մասին արված շեշտադրումներից հետո: Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, ԻՀՊԿ նախկին հրամանատար գեներալ Սաֆավին հայտարարել էր, որ Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները պետք է վերանայվեն, քանի որ Անկարան գործում է Իսրայելի, ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի հետ համաձայնեցված:
Անառարկելի է, որ թուրք-իրանական հարաբերությունների խորքային մակարդակում հենց այս ընկալումներով էլ առաջնորդվում է Իրանի հոգևոր և ռազմական վերնախավը: Այլ հարց է, որ Սաֆավիի հայտարարությունը միջպետական հարաբերությունների առումով բավական խնդրահարույց էր, որը պետք է ինչ-որ կերպ դիվանագիտորեն մեղմվեր: Այն ուղերձը, որը պետք է հասներ հասցեատիրոջը, արդեն արվել է, մնում է դրա «դիվանագիտական խմբագրումը»: Իսկ հոգևոր առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդականն ամենևին էլ երկրորդային դերակատարություն չունի այդ երկրի արտաքին քաղաքականության ու ռազմաքաղաքական որոշումների կայացման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել