Tert.am-ը գրում է.
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիի համալսարանում  հանդես է եկել ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ելույթով։ 
 
Էդվարդ Նալբանդյանը իր ելույթում նշել է.«Լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելուն զուգահեռ Ադրբեջանը նաև մեկ այլ նպատակ է հետապնդում: Փորձ է կատարվում չեղարկել 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերը: Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված զինադադարի եռակողմ այդ համաձայնագրերն անժամկետ են: Ավելին, 1994թ զինադադարի վերահաստատման համաձայնագրով կողմերը պարտավորվել են «պահպանել զինադադարի ռեժիմը մինչև քաղաքական մեծ պայմանագրի կնքումը»: ԵԱՀԿ համապատասխան որոշումներով ու հայտարարություններով բազմիցս աջակցություն է հայտնվել այդ համաձայնագրերին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումը Ադրբեջանին՝ կրկին և կրկին ընդգծելով, որ 1994 և 1995թթ. համաձայնագրերը, որոնք, ինչպես և նախկինում, շարունակում են անժամկետ մնալ, հանդիսանում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքը: Համանախագահները կոչ են արել խստորեն հարգել վերոնշյալ համաձայնագրերը և թույլ չտալ դրանց ոտնահարումը:  

Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին և լրջորեն խաթարել է խաղաղ գործընթացը: Այսօր մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Առանց հրադադարի ռեժիմի իրական ամրապնդման բանակցային գործընթացը կհանդիսանա սոսկ ադրբեջանական շանտաժի գործիք: Այդ համատեքստում միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մշտապես ողջունել են այդ առաջարկները: 


Ադրբեջանը ոչ միայն մերժեց դրա իրականացումը, այլ նաև հրադադարի ամրապնդման միջոցառումները հրապարակայնորեն ամենաբարձր մակարդակով որակեց  որպես «տարօրինակ և զավեշտալի առաջարկություն»: Փաստորեն 21-րդ դարում կան առաջնորդներ, որոնց համար մարդկային զոհերը կանխող նախաձեռնությունները կարող են թվալ տարօրինակ և զավեշտալի: Սա մարդկային կյանքի հանդեպ, այդ թվում նաև սեփական քաղաքացիների կյանքի հանդեպ պաշտոնական Ադրբեջանի ղեկավարության իրական վերաբերմունքի վկայությունն է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել