Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում փոխզիջումների մասին խոսելն անարդյունավետ է, երբ գործ ունենք ռազմաքաղաքական առումով անմեղսունակ պետության հետ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը բանակցությունները վերսկսելու համար:


«Հանեք փոխզիջումներ բառը ձեր բառապաշարից: Մենք հստակ բանակցային գործընթացի վերսկսման համար ուղերձ ենք հղել, թե ինչ պայմաններով բանակցային գործընթացը կարող է վերսկսվել: Այդ բանակցային գործընթացի վերսկսման մեկնարկը դեռ չկա: Հետևաբար, խոսել՝ ինչ կլինի հնարավոր բանակցությունների վերականգնման պարագայում անարդյունավետ է: Մենք ուրիշ խնդիր պետք է լուծենք, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի ադրբեջանական ագրեսիան, հնչեցնի հասցեական հայտարարություններ, տա միջազգային երաշխիքներ, որ նման արկածախնդրություն ալիևյան կլանն այլևս չի ընդունելու: Ի՞նչ փոխզիջումների մասին է այսօր խոսքը, երբ մենք գործ ունենք մի պետության հետ, որը ռազմաքաղաքական առումով անմեղսունակ է: Ալիևը չունի, չասեմ՝ մտավոր պոտենցիալ, բայց քաղաքական կամք, որ ապաշխարի»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:


Աշոտյանը նշեց՝ տեսանելի ապագայում փոխզիջումների մասին խոսել չի կարելի, քանի դեռ չկա բանակցային գործընթաց։  Նրա համոզմամբ, Հայաստանն ունի ուժեղ բանակցային դիրքեր, որովհետև կոտրվեց միֆը, որ Ադրբեջանն ունի ռազմատեխնիկական ջախջախիչ առավելություն, որ նոր սերունդը չունի նախորդների ոգին, պատրաստ չէ պատերազմի, որ Հայաստանի հասարակությունը պառակտված է ու առաջին իսկ ցնցման դեպքում կփլուզվի պետականությունը:


Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա Արմեն Աշոտյանը նշեց. «Կոտրվեց միֆը, որ մենք հաղթել ենք պատերազմը ուրիշի, երրորդ ուժի միջամտությամբ: Ռուսաստանը մնում է մեր ռազմավարական դաշնակիցը»: Հարցին՝ ՌԴ-ն մնում է ՀՀ ռազմավարական դաշնակիցն անգամ շարունակելով զենք վաճառել Ադրբեջանին, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ՀՀ իշխանությունները այդ հարցին բազմիցս անդրադարձել են ու սադոմազոխիստական հաճույքի է նմանվում դրան նորից անդրադառնալը:


«Հայաստանն իր ռազմաքաղաքական զարգացման մեջ իր հույսը դնում է բացառապես ու նախ և առաջ իր ուժերի վրա: Արտաքին աշխարհից խռովել չի կարելի: Պաշարված ամրոցի հոգեբանությունը շատ վտանգավոր է, երբ քեզ թվում է, որ ամբողջ աշխարհը քո դեմ է: Սա կործանարար հոգեբանություն է: Դիվանագիտությունը պետք է լինի բազմաշերտ ու ճկուն»,- շեշտեց նա:


Իշխող ուժի փոխնախագահը հավաստիացրեց, որ եթե ռուսական «Իզվեստիա» թերթը գրում է Հայաստանում արևմտամետ ուժերի զարգացվածության մասին ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դրան արձագանքում է, ուրեմն խնդիր կա: «Այս իրավիճակում լինել ռուսամետ, արևմտամետ, եվրոպամետ, չասեմ՝ դավաճանական է, բայց ծիծաղելի է: Մենք պետք է ստանանք բոլորից այն, ինչ մեզ պետք է»,- նշեց Արմեն Աշոտյանը:


Նա միամտություն համարեց նաև գնահատականները, թե ՀԱՊԿ-ն իրեն չարդարացրեց, ապա նշեց, որ աշխարհում գոյություն ունեցող անվտանգային համակարգերից երկուսն են՝ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն, որոնք հետաքրքրված են մեզ նման փոքր պետությամբ: «Ո՞րն է անվտանգային անձրևանոցը մեզ համար: Եթե ՀԱՊԿ-ը չէ, ապա ի՞նչ՝ ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ի դռները փակ են այնտեղ քսան տարի է մտնել ցանկացող Վրաստանի համար: Ինչո՞ւ ենք կտրվում իրական քաղաքականությունից: Արևմուտքը ՀՀ-ի համար այլընտրանքային անվտանգային առաջարկ չի արել»,- նշեց նա:


Tert.am-ի հարցին՝ ինչո՞ւ էր այդ դեպքում ՀՀ իշխանությունը հավաստիացնում, որ ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին պայմանավորված է անվտանգության հավելյալ երաշխիքներով, Աշոտյանը պատասխանեց. «Մենք մեր ակնկալիքները Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից չենք սպառել: Նման հարցադրումները բերում են նրան, որ պատասխանողը հանկարծ դառնում է ռուսական կողմի շահերի պաշտպան: Ոչ, մենք պետք է պաշտպանենք բացառապես մեր շահերը: Կրկնում եմ՝ ԱՄՆ-ն պլյուս Եվրամիությունը Հայաստանին անվտանգային որևէ առաջարկ չեն արել: Հայաստանում չի եղել որևէ իշխանություն՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահի օրոք, որը հարցականի տակ դներ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության անհրաժեշտությունը: Պայմանագիրը կնքվել է առաջին նախագահի օրոք, խորացվել է երկրորդ նախագահի օրոք, երկարացվել է երրորդ նախագահի օրոք»:


ՀՀԿ փոխնախագահը հորդորեց՝ այս փուլում գեոպոլիտիկայի ճաշակով առաջնորդվելը ճիշտ չէ: «Աշխարհաքաղաքականությունը շոր չէ, որ պետք է մոդային համապատասխան գնես: Կան խորքային խնդիրներ տարածաշրջանում, Հայաստանում, որոնց պատասխանը պետք է ստանալ սթափ գլխով»,- եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել