Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայաստանյան բջջային օպերատորները հանդես եկան միասնական նախաձեռնությամբ՝ նվազեցնելով Ղարաբաղ Տելեկոմի ցանցում SMS հաղորդագրությունների եւ ռոումինգի մուտքային եւ ելքային զանգերի համար սակագինը մինչեւ 5 դրամ 1 րոպեի համար: Սակայն կարճ ժամանակ անց՝ ապրիլի 18-ից սկսած, զանգերի սակագինը սկսեցին հաշվարկել ինչպես նախկինում. 25 դրամ/րոպե մուտքային զանգերի համար, 45 դրամ/րոպե դեպի 374 97 և 374 47 ցանցեր ելքային և դեպի Հայաստան զանգերի համար: Մի՞թե իսկապես անհնար է ընդառաջել ու նվազեցնել Արցախ կատարվող զանգերի սակագները, մի՞թե անհնար է սա անել այն մարդկանց՝ այն զինվորների համար, ովքեր իրենց կյանքի գնով են պաշտպանում մեր սահմանը, եւ ում համար այդքան կարեւոր է իրենց հարազատների եւ ողջ հայ հասարակության աջակցությունը: Չէ՞ որ իրենց հարազատների հետ թեկուզ մեկ րոպեի շփումը նրանց ուժ ու կորով է տալիս: Իսկ այս օրերին ստիպել զինվորներին այդքան թանկ վճարել իրենց հարազատների հետ խոսելու համար առնվազն անխղճություն է: Կոչ եմ անում Հայաստանում գործող բոլոր բջջային օպերատորներին վերանայել Արցախ կատարվող հեռախոսազանգերի սակագները եւ փորձել ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: