Tert.am-ը գրում է.

Հայաստանի ներքին և արտաքին կյանքում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց սկզբնական աղբյուրը Լեռնային Ղարաբաղում ապրիլ ամսին մեկնարկած պատերազմական գործողություններն էին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
 

Ըստ նրա՝ պատերազմի արդյունքում Հայաստանի արտաքին և ներքին օրակարգերը վերանայվեցին ոչ այնքան բովանդակային մասով, որոնք մշտական են, այլ՝ փոփոխությունների տեմպի ու խորություն հետ կապված՝ ընդգծելով կազմակերպված պետություն ունենալու անհրաժեշտությունը:
«ՀՀ արտաքին քաղաքական կյանքում ականատես դարձանք՝ ուժն է ծնում իրավունք սկզբունքին: Բացի իրական մարտահրավերներից, կարծեք թե, կա որոշակի տենդենց որոշ շրջանակներում՝ ստեղծել արհեստական օրակարգեր, որոնք բացարձակ կապ չունեն պետության մարտունակության, ռազմավարական խորության ամրապնդման հետ: Օրակարգեր, որոնք ավելի շատ այս հայրենասիրական ալիքը սանձելու և այդ ալիքը նեղ, հատվածական շահերի համար օգտագործելու փորձ են: Խոսքը վաղուց օրակարգում գոյություն ունեցող հարցերը երկրորդ անգամ կյանքի կոչելու մասին է, կապված նաև ներքաղաքական կյանքի մշտական հարցի հետ՝ ո՞վ է լինելու իշխանություն հարցի շուրջ ծավալված քննարկումների հետ»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ տարիներ առաջ դրված էր պատկերացնել, որ կգտնվեն ուժեր, որոնք չավարտված պատերազմի պայմաններում, Ցեղասպանության հերթական տարելիցի ժամանակ իշխանափոխության կոչերով երթ կամ ցույց կկազմակերպեն:


ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս, իշխանությունները ձևավորվում են ընտրություններով և բարոյական չէ ընտրություններից առաջ պահանջել իշխանափոխություն, ստեղծել արհեստական օրակարգ, պահանջել հրաժարական երկրի գերագույն գլխավոր հրամանատարի, երբ պարտերազմը շարունակվում է և երբ կա ուժերի մոբիլիզացման խնդիր:


«Կան նաև դրական տենդենցներ, դրանց աղբյուրը նորից պատերազմն էր, որը կուտակած բարոյահոգեբանական լիցքը մենք պարտավոր ենք օգտագործել և՛ արտաքին, և՛ներքին կյանքում: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտը նախընտարական փուլում է, երբ որ դիրքերն են ուզում ազատագրել, ստանալ»,- նկատեց ՀՀԿ փոխնախագահը:


«ՀՀ իշխանությունների կեցվածքն արժանապատիվ է, ուժեղ, որովհետև թիկունքում կա ժողովուրդ, հասարակություն, բանակ: Ակնհայտ է, որ այս էներգետիկան ներքին կյանքում պետք է օգտագործել ի բարօրություն: Այն պետք է լինի կառուցելու, ոչ թե քանդելու էներգիա: Իսկ կատարվածը ցույց  է տալիս, որ հայաստանյան ներքաղաքական դաշտը 2017թ.-ի ընտրությունների նախաշեմին նախանախընտրական փուլում է: ՀՀ իշխանություններից պահանջել կտրուկ փոփոխություններ՝ քաղաքական կարճատեսության, սիրողականության դրսևորում է: Քաղաքականությունը երբեք չպետք է զգացմունքային լինի»,- շեշտեց նա:


Անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ փաստը վկայում է, որ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ դառնում է քաղաքական իմաստով բացարձակ լեգիտիմ: «Այդ շրջանակներն էին նաև, որ քննադատում էին կառավարման խորհրդարանական մոդելի ներդրումը, չէին ընդունում նոր Սահմանադրության էությունը, նրանք էին, որ ինտենսիվ «ոչ»-ի քարոզ էին անում: Իրենք նույնպես ընդունում են նոր խաղի կանոնը: Հետևաբար, Սահմանադրությունը դառնում է բացարձակ լեգիտիմ, որովհետև բոլորը պատրաստվում են մասնակցել ընտրություններին»,- շեշտեց Արմեն Աշոտյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել