Tert.am-ը գրում է.

ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը հանդես է եկել մի  ուշագրավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է պետականորեն երաշխավորել  18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունն՝ այդ նպատակով ստեղծված պահպանության բանկում: Ինչը պետք է լուծի  պատերազմ գնացող տղաների  գենետիկ վերարտադրության խնդիրը, իսկ ավելի կոնկրետ` զինակոչիկների սերունդների շարունակականությունը կերաշխավորի:
 

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ  հենց այդպես էլ նշվում է.«Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով և ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարևոր  և  էական նշանակություն»:

Նախագիծը բաղկացած է 2  հոդվածից, որոնցից առաջինով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի սեռաբջիջների և  սաղմի պահպանության մասին 7-րդ հոդվածը լրացվում է  նոր նախադասությամբ`«որով պետությունը կպարտավորվի ՀՀ քաղաքացիների՝ մինչև զինվորական ծառայության մեկնելն իրականացվող առողջապահական ստուգումների ընթացքում իրականացնել նրանց սեռաբջիջների պահպանության աշխատանքներ»:

Tert.am -ի հետ զրույցում  օրենքի նախագծի հեղինակ Թևան Պողոսյանը, հարցին, թե ինչպես, ինչու, ինչից հետո հղացավ այդ գաղափարը, ասաց.«Մի գեղեցիկ օր արթնացել էի, նայում էի սոցիալական ցանցերով քննարկումներին, շատ մարդիկ ասում էին` վայ, էս ի՞նչ հերոս տղաներ են, և այլն, բա նրանք սերունդներ չունենայի՞ն, և ասացի` եթե մարդիկ նման ցանկություններ են հայտնում, գրում են այդ մասին, ինչո՞ւ այդ գաղափարը չունենալ: Վա՞տ գաղափար է»:

Հարցին, թե,  եթե իր սերմնաբջիջն այդ բանկային հանձնած այդ զորակոչիկը զոհվի,  ապա  պահվող կենսաբանական նյութը  կարող է անհրաժեշտ լինել նրանց ծնողներին՞, սիրած աղջիկների՞ն,  օրենքի նախագծի հեղինակը դրական պատասխան տվեց ու մանրամասնեց.«Մեկը կարող է թոռ ունենալու ցանկությամբ պահպանի, մյուսը, օրինակ՝ չամուսնացած կին, որը արհեստական բեղմնավորմամբ ուզում է երեխա ունենալ, մտածում է` ո՞ւմն է լինելու, իսկ այս դեպքում կարող  է գնալ, կոնկրետ ասել, այ էն հերոս տղայից եմ ուզում երեխա ունենալ, որ իմ տղեն էլ կամ երեխան էլ նման լավ գենետիկ կոդ ունեն, այդ տղան էլ գենետիկական շարունակություն ունենա: Սա մի տարբերակ, մյուսը` այո, ծնողներինն է, որ, օրինակ՝ ուզեն իրենց մինուճար տղեն սերունդ ունենա... Չգիտեմ` ոնց են  օգտագործելու, իմ խնդիրն այն է, որ նման հնարավորություն ունենանք` մեր  գենետիկ բազան պահպանվի»:

Թևան Պողոսյանն առաջարկում է` եկեք այդ բազան ձևավորենք, այդ հնարավորությունը լինի, իսկ թե դրանից հետո ոնց կօգտագործվի, դա արդեն ժամանակի խնդիր է:

«Եվ այնպես չէ, որ ով գնում է բանակ, չի գալու, թող տան,գնան, իսկ  վերադառնալուց հետո արդեն այդ կենսաբանական նյութն առանց իր թույլատվության չի կարող օգտագործվել»,-հավելեց պատգամավորը:

Հարցին,թե ինչ ակնկալիքներ ունի կառավարությունից նախագծի վերաբերյալ, Թևան Պողոսյանն ասաց, որ  չգիտի, իր կողմից  անհրաժեշտ էր համարվել  «գաղափարը գրել»՝ գրվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել