Tert.am-ը գրում է.

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում, ընդհանուր առմամբ լավ գաղափար համարեց առաջարկը, որպեսզի զորացրելու ժամանակ առաջնագծի զինվորների զինգրքույկում նշվի, որ նրանք մասնակցել են քառօրյա պատերազմի մարտական գործողություններին, ինչի համար էլ պետք է որոշակի արտոնություններ ստանան։

Պատգամավորը, ով իր գործընկերներին հորդորում պատգամավորներին արտոնությունների փաթեթ մշակել, ընդգծեց, որ հարցը պետք է մանրամասն քննարկել, որպեսզի նախկին  սխալները թույլ չտրվեն:  Թևան Պողոսյանի խոսքով՝ արդեն իսկ կա մշակված փաթեթ, այլ խնդիր է, թե կոնկրետ ռազմական գործողություններին մասնակցածների որ խմբերին է դա վերաբերում:

«Ինչ-որ չափով այդ հարցին լուծում տրված է, բայց որակական իմաստով այլ խնդիր է, թե ինչ արտոնություններ են տալիս, քանի որ կան կարճաժամկետ մասնակիցներ, կան երկարաժամկետ մասնակիցներ, տարբեր մոտեցումներ պետք է լինեն»,-ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը միանշանակ համակարծիք է, որ բոլոր այն զինվորները, որոնք ապրիլի 2-ից մինչև այսօր առաջնագծում կանգնած են եղել, մարտական գործողություններին մասնակցել են, նրանց  զինվորական գրքույկներում պետք է նշվեն, բայց հարց է տալիս, որ այդ գործողություններին մասնակցել են նաև կամավորներ և նրանց խնդիրը ինչպես է լուծվելու:

«Մենք ունենք շատ տղաներ, որոնք կամավոր են գնացել և պետք է հասկանալ, նրանց զինվորական գրքույկներն էլ պետք է բերենք ավելացնենք, թե՞ ինչ: Շատ տղաներ, որոնք կողքի գյուղից գնացել էին առաջնագիծ, մի 15 րոպե ընդամենը հետո, ու մինչև հիմա պահում են, ի՞նչ է, նրան չե՞նք նշելու, դրա համար պետք է հասունանանք և չկատարենք նախկին եղած հազարվոր սխալները»,-ասաց նա:

Իսկ արտոնություններ տալու հարցը ևս, ըստ նրա, պետք է լուծում ստանա, բայց՝ ամբողջական: «Ամեն մեկը, որպեսզի բոլորից լավը երևա, կարող է առաջարկել, որ եկեք բոլորին, բնականար, նվիրենք, եկեք դրանից հետո էլ մի մեքենա նվիրենք, հետո էլ ընդհանրապես որոշենք, որ յուրաքանչյուրի հաշվին 1000 դոլար փոխանցեն: Այս բոլորը կարող են ասել, բայց պետք է տեսնել ռեալ հնարավորությունները: Այն, որ պետք է առանձնացվի սոցիալական նպաստի առումով, դա շատ լավ է, բայց մեկ այլ հարց պետք է տալ, որ այն տղաները, որոնք 2010 թ-ին, 11թ-ին, կամ նախորդ այլ ժամանակահատվածում կարճաժամկետ մարտական գործողություների են մասնակցել, կամ երկու–երեք օր մշտական կրակի տակ են եղել, կամ իրենց վրա դիվերսիոն հարձակումներ են եղել, նրա՞նց էլ է բոլորին վերաբերելու, թե միայն ասում ենք ապրիլի 2-ից: Հիմա 2014-ի օգոստոսյան դեպքերինը ինչ պետք է անեն, չէ՞ որ նրանց ժամանակ էլ  բավական ակտիվ գործողություններ կային»,-հարցրեց նա:

Թևան Պողոսյանը շեշտեց, թե ի վերջո այնպես պետք է անել, որ ցանկացած նոր գաղափար նոր սոցիալական անարդարության իրավիճակ չառաջացնի: Ըստ նրա՝ առաջին հայացքից թվում է, թե շատ արդարացի է, բայց ի վերջո հասկանալի է, որ «կան շատ խութեր»:

«Պետք է դաս քաղենք նախկինում կատարված սխալներից, մինչև  հիմա մեր սոցիալական ապահովության ոլորտը միշտ դիտարկվել է անհատական խնդիրների վրա, ինչ-որ մեկի համար կարողացել են կազմակերպել, գումարներ հավաքել, մյուսին չեն կարողացել, մեկին արհամարհել են, մյուսն էլ իր թասիբից ելնելով է ասել ինձ ոչ մի բան պետք չէ: Ընդհանուր  մոտեցում պետք է ցուցաբերենք, պետք է այդ անհատականից անցում կատարենք համակարգին, և դրա համար բոլոր խնդիրների համար նշումներ կատարենք և օրենքով քննարկվի այդ սոցիալական ապահովության համար»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել