Tert.am-ը գրում է.

Խաղաղ քաղաքացիական  բնակչության և  առանձին քաղաքացիական օբյեկտների վրա դիտավորյալ,  թիրախային հարձակումը, երբ նպատակը ոչ թե մոտակայքում գտնվող ինչ-որ ռազմական օբյեկտի,  այլ սոսկ քաղաքացիական անձի կամ քաղաքացիական օբյեկտի ֆիզիկական ոչնչացումն է, առհասարակ, արգելում է. անկախ նրանից, թե ինչ զինատեսակ է կիրառվում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց  միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը` հավելելով.«Խաղաղ բնակչության նկատմամբ, առհասարակ, ցանկացած զինատեսակի կիրառում արգելված է՝ անկախ նրանից, թե ինչ զենք, զինատեսակներ են կիրառվում: Կրկնում եմ, խաղաղ բնակչության վրա թիրախավորված հարձակումներն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով»:

Հիշեցնենք՝ ՀՀ  ՊՆ մամուլի ծառայությունը ներկայացրել էր լուսանկարներ և այլ տվյալներ, որոնք վկայում են , որ  «ԼՂՀ զինված ուժերի համար նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ: Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումը նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց»:

Միջազգային հումանիտար իրավունքի մասնագետն այս համատեքստում հավելեց. «Ինչ վերաբերում է քաղաքացիական օբյեկտները ռմբակոծելուն կամ դրանց վրա հարձակման հանգամանքներին, դիտավորյալ հարձակմանը, ապա այստեղ պետք է նշեմ, որ սա ոչ այնքան Ժնևյան կոնվենցիաների, որքան պատերազմի օրենքներին առնչվող դրույթ է, որը վերաբերում է կիրառվող միջոցներին և որը մասամբ է կարգավորվում Ժնևյան կոնվենցիաներին կից Առաջին լրացուցիչ արձանագրությամբ, բայց տրամաբանությունը շատ հստակ ու շատ հասարակ է: Պատերազմի ժամանակ  ռազմական օբյեկտներից քաղաքացիական օբյեկտի  վրա թիրախային  հարձակումը դիտվում է որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում»:

Երկրորդ՝ կողմերը պարտավորություն ունեն ռազմական օբյեկտները տեղակայել որքան հնարավոր է քաղաքացիական օբյեկտներից ավելի մեծ հեռավորության վրա, որպեսզի ռազմական հարձակման պարագայում  հավելյալ վնասներ չպատճառվեն քաղաքացիական օբյեկտներին:
Փորձագետը զենքի տեսակներին վերաբերող հարցի համատեքստում նշեց, որ պետք է տարբերակել պատերազմի միջոցները, այսինքն` զենքի որոշակի տեսակները, որոնք արգելված են որպես այդպիսին, և զենքի տեսակներ, որոնց կիրառումը  արգելված չէ:  Բայց այս պարագայում էլ դրանց կիրառման ձևը, մեթոդը կարող է դիտվել որպես արգելված:

Ըստ  միջազգային իրավունքի փորձագետի`  ադրբեջանցիների կողմից նման ձևերի կիրառման  նման օրինակները վերջին շրջանում բազմաթիվ են:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակում արդյունքում ստացավ հայ   18 զինծառայողի մարմինները, և պետական հանձնաժողովի կողմից արձանագրվեց,  որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։

Այս երևույթը, նույնպես, ոչ միայն  հակահումանիզմի աղաղակող դրսևորում է և հակասում է պատերազմի օրենքներին ու սովորույթների, այլև կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, 1949 թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևյան 1-ին կոնվենցիայի, 1949 թ․ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիայի և 1977 թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջները։

Նշենք, որ ինչպես ցույց տվեցին այս օրերին տարբեր հարթակներում այս հարցով մասնագիտական քննարկումները, կոնկրետ Հայաստանի համար միջազգային դատարան դիմելու հնարավորություն այս պահին չկա այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը չի վավերացրել Ժնևյան կոնվենցիայի առաջին արձանագրությունը, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը` Հռոմի ստատուտը:

Սակայն այլ ատյանները, մասնավորապես, ՄԱԿ, ՄԻԻԴ, դիմումներ կարող են ներկայացվել, ինչը և արվեց.հիշեցնենք, որ երբ քառօրյա պատերազմի ժամանակ սպանված, իսկ այնուհետև գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամներն իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից գանգատներ ներկայացրին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել